Վրաստանում երկաթուղու աշխատակիցները մտադիր են նոյեմբերի 14-ին գործադուլ հայտարարել՝ պահանջելով վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց:
Աշխատակիցները պահանջում են նաև վճարումներ ստաժի և որակավորման հավելավճարի համար: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով երկաթուղու աշխատակիցների նոր արհմիության նախագահ Վիտալ Գեորգաձեին:
«Գործադուլը կսկսվի ամբողջ երկրով մեկ, ներառված են բոլոր կարգերի երկաթուղու աշխատակիցները»,- ասել է նա լրագրողներին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Վրաստանի երկաթուղային բաժնետիրական ընկերությունում աշխատում է 12 հազար մարդ, որոնցից 6000-ն արդեն նոր արհմիության անդամ են:
Նախօրեին գործադուլի նախաձեռնողները հանդիպել են Վրաստանի ոչ կառավարական ոլորտի և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ:
Վրաստանի օմբուդսմենի ներկայացուցիչ Սալոմա Վարդիաշվիլին նշել է, որ այս իրավիճակում լուծումը հնարավոր է միայն կառուցողական բանակցությունների միջոցով:











































