«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում նախկին պաշտոնական ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
– Պարոն Իսագուլյան, Դուք Հայաստանի երեք նախագահներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի երկու նախագահներին, կաթողիկոսներին կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացնելու առաջարկ էիք արել՝ Հայաստանի ՄՄ-ին անդամագրվելու հարցի վերաբերյալ: Ինչ-որ բան որոշվե՞ց:
– Ներկա դրությամբ որևէ նորություն չունեմ: Իհարկե, բոլորի կողմից արձագանքներ եղել են, բայց դեռևս նոր առաջընթաց չկա: Վստահ եմ, որ իմ երկրորդ մամլո ասուլիսից հետո իրենք հետևում են գործընթացին, արձագանքներ կլինեն:
– Այս օրերին շատ է քննարկվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, բնականաբար ՄՄ-ին անդամագրվելու հարցն էլ կլինի հանդիպման օրակարգում, ըստ Ձեզ` ինչ-որ բան կփոխվի՞ այդ հանդիպումից:
– Անկեղծ ասած` ես չգիտեմ այդ այցի ընթացքում կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, չգիտեմ էլ վերջնական որոշում կա՞ , այցը կկայանա՞, թե՞ ոչ: Բայց Հայաստանը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միությանն անդամագրվելու մասին, և ես այս ընթացքում չտեսա մի գործընթաց, որը ցույց կտար, թե այդ հայտարարությունն ու որոշումը որևէ փոփոխություն են կրել:
– Այսինքն` հակված եք մտածել, որ Հայաստանը կանդամակցի՞ Մաքսային միությանը:
– Ես կարծում եմ՝ այո, ուրիշ զարգացումներ տեսանելի չեն:
– Խոսակցություններ են շրջանառվում նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի մասին. Տիգրան Սարգսյանն աչքի է ընկել արևմտամետ կողմնորոշմամբ: Ինչքանո՞վ եք հավանական համարում այդ տարբերակը, ասենք, Պուտինի այցից հետո:
– Ես կարող եմ ասել մեկ բան՝ Հայաստանում չկան ինքնուրույն մտածելակերպ ունեցող արևմտամետ, ռուսամետ պաշտոնյաներ: Հստակ կա հանրապետության նախագահ, որի որևէ խոսք, որևէ տեսակետ քննադատության չի արժանանում պետական պաշտոնյայի կողմից: Չկա նման բան, թե պաշտոնյան հրաժարական է տալիս, որովհետև համաձայն չէ նախագահի տեսակետի հետ: Այնպես որ, որևէ մեկին վերագրել ինքնուրույն գործունեություն և ասել, որ սա արևմտամետ է՝ սխալ է: Կարծում եմ` ցանկացածը, ոչ միայն վարչապետը, իրենց կարծիքը կփոխեն այն դեպքում, երբ նախագահը վաղն ուրիշ բան հայտարարի. նրանք 180 աստիճանով կարող են փոխվել: Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն անկախ քաղաքական գործիչ է և երբևէ հնարավորություն ունի այլ տեսակետ հայտնել, քան հանրապետության նախագահը:
– Հայտնի է, որ հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ խորացան երկրորդ նախագահի կառավարման ժամանակաշրջանում. ինչքանո՞վ եք հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն՝ հատկապես ՄՄ-ին անդամագրվելու որոշումից հետո:
– Ինձ համար նորմալ հարաբերությունները ցանկացած պետության հետ գովելի երևույթ է, բայց ես չեմ ընդունում, որ ոմանք դա որակում են արևմտամետ, ռուսաստանամետ և այլն… Հայաստանը պետք է լինի հայաստանամետ, այդ թվում` քաղաքական գործիչները, պետական այրերը՝ սկսած հանրապետության նախագահից մինչև սպասավորները պետք է լինենք հայաստանամետ: Հայաստանը բոլոր տեսակի հարաբերություններում պետք է լինի հայանպաստ որոշում կայացնող սուբյեկտ: Այդ առումով ես դեմ էի ցանկացած միության՝ դա կլիներ Մաքսային միություն, Ասոցացման համաձայնագիր ԽՀԱԱՊ-ի տեսքով: Հայաստանը պետք է բոլորի՝ այդ թվում նաև Ռուսաստանի հետ պահպանի բարիդրացիական հարաբերություններ, բայց ոչ երբեք տանենք նրան, որ ասենք` մենք ունակ չենք մեր անվտանգությունն ապահովելու, մենք ունակ չենք հարցեր լուծելու՝ դրա համար պետք է գնանք այս կամ այն ուղղությամբ: Հայաստանը պետք է վարեր բազմակենտրոն, բազմաբևեռ, և բազմաշերտ քաղաքականություն: Մենք շատ լավ հարաբերություններ պետք է պահպանեինք Ռուսաստանի հետ, շատ լավ հարաբերություններ Արևմուտքի, Եվրամիության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Չինաստանն է դառնում բավականին լուրջ գործոն աշխարհաքաղաքական գործընթացներում. այսինքն` Հայաստանը պետք է փորձեր բոլորի հետ վարել հավասարակշիռ քաղաքականություն, այդ դեպքում Հայաստանն իրենից շատ ավելի լուրջ արժեք կներկայացներ, քան երբ ընդունում է որոշակի հստակ ուղղվածություն՝ ոչ թե պարտադրանքի պայմաններում, այլ, ցավոք սրտի, սխալ քաղաքականության հետևանքով:
– Ունենք այն, ինչ ունենք, առկա իրավիճակում ինչքանո՞վ է հավանական երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն:
– Պարոն Քոչարյանը մի քաղաքական կերպար է մեր իրականության մեջ, որ եթե ինքը նման ցանկություն ունենա, առանց վախի կհայտարարի այդ մասին: Եվ քանի որ իր կողմից նման հայտարարություն չկա, ես չեմ կարծում, որ որևէ մեկի կողմից այդ մասին խոսելը ճիշտ կլինի: Եթե նա որոշի, որ վերադառնում է մեծ քաղաքականություն՝ նա այդ որոշման մասին հանրությանն անպայման տեղյակ կպահի:
– Հավանական չե՞ք համարում նրա վարչապետ նշանակվելու սցենարը:
– Գիտեք, ցանկացած այդ կարգի խոսակցությունների, որոնք տարբեր աղբյուրներից ի հայտ են գալիս՝ լուրջ չեմ վերաբերվում, չեմ համարում, որ դրանց հիմքում կան լուրջ փաստարկներ, հիմնավորումներ, վերլուծություններ կամ կոնկրետ մարդկանց միջև պայմանավորվածություններ… այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նման բան չկա:
– Իսկ ա՞յն, որ հնարավոր է Հայաստանում կազմակերպվի նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
– Ես չգիտեմ` դա մտնո՞ւմ է համապատասխան ղեկավարների օրակարգերի մեջ, չգիտեմ` կա՞ արդյոք օրակարգի մեջ նման բան, թե՞ ոչ: Տեղյակ չեմ Վլադիմիր Պուտինի այցի մանրամասներից առհասարակ:
– Ամեն դեպքում, Դուք հաճախ եք հանդիպումներ ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններ չե՞ն եղել:
– Բացարձակապես նման հարցերի շուրջ չենք խոսում, մենք ընդհանուր երկրի վիճակի հետ կապված, ընդհանուր իրավիճակի հետ կապված զրույցներ ենք ունենում: Քաղաքականություն վերադառնալու կամ ինչ-որ գործընթացներ սկսելու հետ կապված զրույցներ չենք ունենում:
– Նա մինչ այժմ չի արձագանքել՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը. դա համաձայնությա՞ն նշան է` ըստ Ձեզ:
– Ես չեմ ուզում խոսել երկրորդ նախագահի փոխարեն: Ինձ միշտ մեղադրում են, օրինակ` առաջին նախագահի կառավարման ընթացքում Դաշնակցությունից մեղադրում էին Լևոն Տեր-Պետրոսյանի մարդն եմ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինձ ասում էին, որ ես Սերժ Սարգսյանի մարդն եմ, նրա հետ մտերիմ հարաբերություններ ունեմ, հիմա Սերժ Սարգսյանի ժամանակ ինձ մեղադրում են, թե ես Ռոբերտ Քոչարյանի մարդն եմ, իմ բոլոր նախաձեռնություններն ու երևույթները կապված են երկրորդ նախագահի հետ: Ես բազմիցս նշել եմ, որ նման բան չկա:
– Ես չասացի, որ կա նման բան, պարզապես, Ձեր կարծիքը հարցրեցի:
– Ինձնից միշտ պահանջում են ասել, թե երկրորդ նախագահն ինչ է մտածում, ինչ է անում: Նա վերջապես խոսնակ ունի, ով ասել է, որ Ռ. Քոչարյանն անպայման դրան անդրադառնալու է, պարզապես երևի սպասում է գործընթացները որոշակի փուլ մտնեն, հստակեցվի ավելի:
Եթե տեսնում եք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները դեռ հույս ունեն, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրվի, շատերը նույնիսկ կարծում են, որ եթե Ուկրաինան չի միանում Մաքսային միությանը, դա դառնում է անիմաստ, և դրանից հետո Հայաստանն էլ կարող է որոշումը փոխի:
– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Հայաստանը ետդարձի ճանապարհ ունի՞:
– Ես կարծում եմ, որ Հայաստանը սոցիալական և քաղաքական մի այնպիսի փուլում է, որտեղ առաջնայինը իշխանափոխությունն է: Կարծում եմ` հասել է ամենաբարձր մակարդակով հրաժարականների ժամանակը, որպեսզի մենք կարողանանք հասնել այնպիսի վիճակի, որ Հայաստանի առջև այլևս դրված չլինի «կամ-կամ»-ի խնդիրը:
– Փաստորեն, պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը:
– Այո՛, բոլոր մակարդակներով, կարծում եմ, հասունացել է հրաժարականների ժամանակը: Ակնկալում էի, որ հեղափոխություն կլինի վերևից, ցավոք սրտի, դա նկատելի չէ: Մեր պետական այրերը, եթե իսկապես մտածում են ազգի ապագայի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի մասին, ժամանակն է, որ հրաժարական տան, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի:
– Հեղափոխություն վերևից ասելով` ի՞նչ նկատի ունեք:
– Ես նկատի ունեի, որ վերևները շատ կտրուկ փոփոխություններ կմտցնեն Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքում, օրենքը կդառնա միանշանակ կիրառելի: Ցավոք սրտի, այդ ամենը տեղի չի ունենում, մենաշնորհները կային, հիմա ավելի են կենտրոնանում, լկտիությունը չափ ու սահմանն անցել է: Ռուսները մի լավ բառ ունեն «բեզպրեդել», ամեն ինչ սահմանն անցնում է: Իսկ այս իրավիճակը փոխելու որևէ ձգտում չենք տեսնում, իշխանություններն իրենց սպառել են բոլոր բնագավառներում, ժամանակն է, որ հրաժարական տան, իսկ եթե հրաժարական չտան, կարծում եմ` այն, ինչ սկսել է Հայաստանում` դեռևս նախերգանքն է, հեղափոխական գործընթացներն անխուսափելի կդառնան:
– Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հոդվածում պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ միևնույն ժամանակ բացառելով իր և երկրորդ նախագահի առաջադրվելը արտահերթ նախագահական ընտրություններում: Համամի՞տ եք, որ երեք նախագահները մի կողմ պետք է քաշվեն, և նոր մարդ ղեկավարի երկիրը:
– Շատ լավ կլինի իհարկե, որ մեր քաղաքական թատերաբեմում նոր մարդիկ ի հայտ գան (կներեք, որ թատերաբեմ եմ որակում, բայց դա, ցավոք սրտի, այդպես է), նոր մտածողության կարիք կա: Բայց Հայաստանի Հանրապետության և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները իրավունք ունեն առաջադրվելու, եթե նոր ընտրություններ լինեն: Իսկ այն, ինչ առաջարկում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դա իր անձնական տեսակետն է: Երբ ես նախաձեռնում էի երեք նախագահների հանդիպումը՝ դա այն տեղն էր լինելու, որտեղ մարդիկ մոռանալով իրենց անձնական խնդիրները պետք է ճանապարհ ցույց տային, հանգեին այն եզրակացության, թե այդ փուլն ինչպես պետք է անցնել: Քանի որ նրանցից ամեն մեկը մոտ տաս տարի պետության գլուխ են եղել, պետք է քննարկեին, թե իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Չեմ բացառում, որ դրանցից մեկը կարող էր լինել հենց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ նրանք երեքով դառնային երաշխավոր արդար ընտրություններ անցկացնելու: Կարծում եմ, որ դրանով պատմության մեջ ոչ միայն իրենց տեղը կապահովեին, այլ դա ցույց կտար, որ իսկապես ժողովուրդը օրհասական պահերին կարողանում է համախմբվել. այդ համախմբման օրինակը պետք է ցույց տային պետության առաջին երեք նախագահները:
– Դուք ասում եք` ունեն իրավունք առաջադրվելու արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում, բայց հայ ժողովրդին դա պե՞տք է:
– Հայ ժողովրդին պետք է միանգամայն նոր մտածողության ունակ կերպար: Միանշանակ է, որ ժամանակը հասել է դրան, ուղղակի առաջին երեք նախագահները կարող էին նպաստել դրան և արագացնել գործընթացը: Տեսեք, Շանթը այլ ճար չուներ, որոշակի խնդիրներ բարձրացնելու համար ստիպված եղավ գնալ օրենքի խախտման ճանապարհով: Հիմա շատ հրաշալի կադրեր կան, ովքեր լավ մտածողություն ունեն, բայց որևէ հնարավորություն չունեն քաղաքական դաշտում երևալու: Մեդիադաշտը մեռած է, ամեն մեկը կոնկրետ պատվեր է կատարում, մարդիկ հանրությանը ներկայանալու որևէ հնարավորություն չունեն: Եթե այդ մարդիկ ազնիվ են, նշանակում է նույնիսկ ապրելու խնդիր ունեն՝ անկախ իրենց գաղափարներից… սոցիալական վիճակն էլ նրանց հարթակ տրամադրել չի կարողանում, Հայաստանում բացի անօրեն ճանապարհով հարստանալուց, այլ ճանապարհ չկա: Այդ կարգի մարդիկ ի հայտ գալու խնդիր ունեն, դա կարող է լինել միայն հեղափոխական ճանապարհը, երբ հասարակությունը ամբողջությամբ է ոտքի կանգնում, և էքստրեմալ իրավիճակներում բնական լիդերները հնարավորություն են ունենում դրսևորվելու:










































