Դատարաններում որոշ դատավորներ անհիմն ձգձգում են առանց այն էլ հասկանալի ու հաստատման պատրաստ գործերի քննությունը, հետո էլ դժգոհում դատավորի ու դատարանների ծանրաբեռնվածությունից:
6 տարի «դատական տուրիզմի» մեջ գտնվող Երևանի բնակիչ Կարինե Երեմյանի բազմանդամ ընտանիքի գործը 2017թ. դեկտեմբեր ամսին վերջապես հասել է վճռաբեկ դատարան և լուր չկա:
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հարակից դատավորների հետ ընդամենը պետք է որոշեր և դեռ երկու շաբաթ առաջ պատասխաներ այդ դատական ակտին ահուդողով սպասող ընտանիքին՝ ընդունու՞մ է, թե՞ մերժում հակառակ կողմի վճռաբեկ բողոքը. Ընդունելու դեպքում՝ ընտանիքը կրկին կհայտնվի դատական սատանայական կարուսելի մեջ /որից մի կերպ պրծել է որոշ դատավորների բարեխիղճ, անկողմնակալ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում/, իսկ մերժելու դեպքում ընտանիքը հանգիստ կլինի, որ իրենց տունը չեն խլում անօրինական մեթոդներով:
Հիշեցնենք, որ խոսքը վիրահատության համար շտապ գումար փնտրելու պատճառով խարդախության որոգայթում հայտնված ընտանիքի մասին է, որը, մեղմ ասած՝ անբարեխիղճ որոշ պաշտոնյաների մեղքով , մանկահասակ երեխայի հետ միասին կարող է հայտնվել դրսում. վերցրած 3,300 դոլարի դիմաց կարող է կորցնել միակ կացարանը՝ բնակարանը, եթե չտա միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով և նրա ծանոթ Նարինե Ասատրյանի պահանջած 15,000 դոլարը:
Հաշվի առնելով խարդախության, վաշխառության տարրեր պարունակող հանցատեսակների տարածվածությունը և սույն գործով առկա վտանգավոր նախադեպի ձևավորման հնարավորությունը՝ պայմանավորված օրինական ուժ ստացած, բայց միմյանց հակասող դատական ակտերի առկայությամբ, «Առաջին լրատվական»-ը խոշորացույցի տակ է վերցրել այս գործը:
2 դատական ակտերի՝ քաղաքացիական և քրեական, հակասությունը կայանում է նրանում, որ քաղաքացիական գործով նշվել է, որ Արտակ Մարտիրոսյանն իր ծանոթ Նարինե Ասատրյանից վերցրել է իբր 15.000 դոլար՝ Երեմյաններին փոխանցելու նպատակով, իսկ Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով՝ 11.000 դոլար: Ու չնայած Երեմյաններն իրենց բարեկամուհու ծանոթ Արտակ Մարտիրոսյանից ստացել են ընդամենը 3300 դոլարին համարժեք գումար, սակայն Նարինե Ասատրյանը ցանկացել է Արտակին տված գումարը վերադարձնել Երեմյաններից՝ 15,000 դոլարի չափով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի պատիվ դատավոր Արթուր Մկրտչյանի, կանխել է այդ վտանգավոր նախադեպը, օբյեկտիվորեն շտկել է նշյալ հակասությունը՝ հիմնվելով գործով ձեռք բերված ապացույցների, հանգամանքների բազմակողմանի վերլուծության վրա: Գործարքը արդարացիըորեն կնքված է համարել 3,300 դոլարի մասով:
Նարինե Ասատրյանը դժգոհ է մնացել դատական ակտից և վերաքննիչ բողոք բերել դրա դեմ, ինչը վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, արդարացիորեն մերժել է՝ դատական ակտը թողնելով ուժի մեջ:
Նարինե Ասատրյանը նաև վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ: Դեկտեմբերի 21-ին բողոքի պատասխան է ներկայացրել Երեմյանների շահերի ներկայացուցիչը, սակայն դատական ակտը դեռ չկա նույնիսկ մեկամսյա ժամկետի ավարտից երկու շաբաթ անց:
Բողոքաբերի բողոքի հիմնական «փաստարկն» այն է, որ առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր հայցը, որովհետև վաղեմության 3 տարվա ժամկետն անցել է. Երեմյաններն՝ իրենց խաբված լինելու մասին իմացել են 2012թ.:
Սակայն բողոքի պատասխանում Երեմյանները հակադարձել են, որ այդ ժամանակ են «գլխի ընկել» և սկսել իրենց իրավունքը պաշտպանել իրավապահներին դիմելով, դատական հայց ներկայացնելով, իսկ խարդախության փաստը հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ 2014թ-ին կայացված դատավճռով: Ուստի վաղեմության ժամկետների խախտում տեղի չի ունեցել:







































