Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 12-ին ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծին: Խմբակցության քարտուղարը նշեց, որ նախապես որոշել էր ելույթը նվիրել բոլորովին այլ հարցի, բայց ԱԺ օրակարգում հայտնված այս օրինագիծը իրեն ստիպեց մտափոխվել:
«Այս ամբիոնը հայրենասիրության մրցավազքի հարթակ չէ: Այո, մենք մեր ներսում լրջագույն բազմաթիվ հարցերի վերաբերյալ տարաձայնություններ ունենք, բայց, փառք Աստծո, մեկ հարցում միակամ ենք՝ դա ԼՂ հարցն է: Սա դիվիդենտներ շահելու հարց չէ: Այո, ԼՂ հստակ դիրքորոշումը կա այս նախագծի վերաբերյալ: ԼՂ-ն ճանաչելով՝ մենք անվերադարձ կկորցնեինք միջազգային հանրությանն՝ իբրև դաշնակից, Մինսկի խմբի գործունեությունը կմտներ ոչ թե փակուղի, այլ ուղղակիորեն կտապալվեր»,- ասաց նա:
Զոհրաբյանը նկատեց, որ եթե սա է մեր առաջ դրված նպատակը, ապա չի կարծում, որ ԱԺ դահլիճում նստած պատգամավորներից որևէ մեկի համար դժվար էր նմանատիպ օրինագիծ բերել ԱԺ: Խմբակցության քարտուղարը նշեց, որ դա հերոսութուն չէ, այլ այն հարցն է, որտեղ պետք է լինել իրապես պրագմատիկ, ոչ թե տուրք տալ էմոցիաներին: Պատերազմին, ըստ Զոհրաբյանի, միշտ պետք է պատրաստ լինել, իսկ այդպիսին կարող է լինել ուժեղ տնտեսություն ունեցող, և ոչ այն իշխանությունը, որն Արարատում աննշան առավելության հասնելու համար դուրս է բերում իր ողջ զրահատեխնիկան:
Զոհրաբյանի խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց. «Վերջին մեկ-երկու նախադասությունը հանած՝ մնացածի հետ ես ամբողջովին համամիտ եմ»:










































