Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվում է Արթուր Անդրեասյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:
2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:
Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Արթուր Անդրեասյանը գտնվում է կալանքի տակ:
Այսօրվա նիստին ոչ բոլոր տուժողներն ու վկաներն էին ներկայացել: Այնուամենայնիվ, դատավարության նախապատրաստական մասը համարյա ավարտվեց:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը ներկայացրեց իր անձը, համաձայն որի՝ բարձրագույն կրթություն ունի, երկու ինսուլտ է տարել, խնամքին են երկու անչափահաս երեխաներն ու ծնողները, իսկ չափահաս որդին ծառայում է բանակում: Արգելանքի տակ վերցնելու պահին գրանցված, օրինական աշխատանք չի ունեցել:
Դատական նիստը հետաձգվեց մեղադրող Հարությունյանի միջնորդությամբ՝ այլ դատարանում նախապես նշանակված նիստ ունենալու պատճառաբանությամբ:






































