Նոյեմբերի 9-ին Հոնկոնգում տեղի է ունեցել «Ջեք և Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա էր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով օծել է կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը և վեմ քարը և իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքվածներին:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, կարևորելով հայկական կենտրոնի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի և ամբողջ տարածաշրջանի հայերին միավորելու և Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:
Հաջորդ օրը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց Սուրբ պատարագ: Ապա Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդաց դասախոսություն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առևտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը և հայտնեց, որ այսուհետ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ը կգործի նաև Չինաստանում և ողջ տարածաշրջանում:
Այնուհետև տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի՝ «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը և կառուցվածքը, ապա ընտրվեցին ղեկավար մարմինները՝ նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Հենրի Արսլանյանի գլխավորությամբ:
Նշենք, որ մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց է կատարել Չինաստանի Պեկին, Շանհայ և Գուանջոու քաղաքներ: Պեկինում Վեհափառ Հայրապետն այցելեց նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի ունեցավ Հայաստանի վարպետների կողմից պատրաստված և ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:








































