Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Ա. Բախշյանը, Ս. Սաֆարյանը, Գ. Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ Երևանի ավագանու Կանոնակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
Նախագծով առաջարկվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հեռարձակել Երևանի ավագանու հրապարակային նիստերը: Առցանց հեռարձակումը թեև չի կարող փոխարինել քաղաքացիների՝ ավագանու նիստերին ֆիզիկապես մասնակցելու օրենքով ամրագրված իրավունքին, այդուհադերձ այդ իրավունքի մասնակի իրացման գրավական է: Առցանց հեռարձակումը նաև կնպաստի ավագանու աշխատանքների թափանցիկությանը, դրանց նկատմամբ հանրության ուշադրության ավելացմանը:
Որոշման նախագծի հաջորդ կետով առաջարկվում է Երևանի քաղաքապետի կնքած ու ավագանու կողմից վավերացման ենթակա պայմանագրերի շարքին դասել հանրային ծառայությունների ոլորտում քաղաքապետի և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև կնքվող պայմանագրերը:
Ներկա դրությամբ Երևանի բնակչությանը մատուցվող բազմաթիվ ծառայությունների դեպքում քաղաքապետի ու իրավաբանական անձանց միջև կնքված և կնքվող պայմանագրերը շրջանցում են ավագանու ինստիտուտը, ինչը ծնունդ է տալիս հարցերի և կասկածների, ինչպես օրինակ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ի հետ քաղաքապետի կնքած պայմանագիրը:
Ի դեպ երկու առաջարկներն էլ բխում են ոչ միայն իրավիճակից, այլև նախատեսված են եղել «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ծրագրով:










































