Հայաստանի նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանում 29-48 տարեկանների շրջանում գերակշռում թմրամոլությունը, նշեց, որ դրանք հաշվառված հիվանդներն են, բայց բոլոր հիվանդների հետ զրույցներից պարզ է դառնում, որ նրանք թմրանյութեր սկսել են օգտագործել երիտասարդ տարիքում՝ 18-28 տարեկանում:
Ըստ նրա՝ թմրամոլների թիվը ամեն տարի 50 տոկոսով ավելանում է: Սա բացատրվում է նրանով, որ թմրամոլությունը տարածված է ամբողջ աշխարհում: Մարդիկ թմրամիջոցներ օգտագործում են հաճույք ստանալու ակնկալիքով, իսկ հետո շատ արագ ձեռք են բերում կախվածություն: Կապված սոցիալական վիճակից՝ նրանք օգտագործում են թանկ կամ էժան թմրամիջոցներ:
Կանեփից պատրաստված թմրամիջոցները երեք տեսակի են՝ մարիխուանա, հաշիշ և կանեփի յուղ, երկրորդ տեղում ափիոնատիպ թմրամիջոցներն են: Նա նաև նշեց, որ այժմ Հայաստանում տարածված են նաև տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցները, որոնք պատրաստվում են կոֆեին պարունակող դեղամիջոցներից, որը ափիոնի խմբից է:
Մասնագետի խոսքով՝ կոնկրետ թմրամիջոցների օգտագործումից տարեկան գրանցվում է մահացության մեկ-երկու դեպք, հիմնականում մահանում են այլ հիվանդություններից, որոնք շատ արագ զարգանում են, քանի որ թմրամիջոցների չարաշահման պատճառով թուլանում է օրգանիզմը և ավելի ընկալունակ դառնում հիվանդությունների նկատմամբ:
Պետրոս Սեմերջյանը հայտնեց, որ այսօր բուժումը տալիս է 100 տոկոսանոց արդյունք. մարդը լիովին ազատվում է կախվածությունից, թմրամիջոցներ օգտագործելու անզուսպ պահանջից, սակայն նա կարող է վերադառնալ նույն կետին, որտեղից սկսել էր բուժումը:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ բուժվելուց հետո մարդիկ կրկին օգտագործում են թմրանյութեր, քանի որ վերադառնում են նույն շրջապատը»,- ասաց նա:
Նա նշեց, որ բուժումը բացարձակապես անվճար է և կատարվում է կամավորության սկզբունքով:
Եվ չնայած 50 տոկոս աճին՝ Հայաստանը գտնվում է ամենալավ վիճակում:









































