Թուրքիան խնդրել է Շվեյցարիայի օգնությունը՝ լուծելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը, ինչն իր հերթին ճանապարհ կհարթի Երևանի հետ Անկարայի կապերի վերականգնման համար՝ հաղորդում է Today’s Zaman-ը:
Թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ հոկտեմբերի կեսին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի բարձրաստիճան պաշտոնյաներին հաղորդել է, որ իր երկիրը պատրաստ է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն հասկացնել է տվել, որ դրա համար «Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները», որից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը:
Թերթի փոխանցմամբ՝ շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Թուրք արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են Թուրքիայի համար, որը փորձելու է նոր գաղափարներ գտնել՝ առաջընթաց գրանցելու համար:
Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների համաձայն՝ երկիրը նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել մինչև 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Աղբյուրները նաև նշել են, որ Հայաստանը և Թուրքիան մշակել են «ճանապարհային քարտեզ»՝ 2009թ. կողմերի միջև Շվեյցարիայում հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություն ստորագրելիս: Նրանք հավելել են, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողացել բանակցությունների միջոցով հասնել որևէ արդյունքի, ուստիև դա բացասաբար է ազդել նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձի վրա:
Թուրք պաշտոնյաներից մեկը թերթին տված հարցազրույցի ժամանակ հաղորդել է, որ «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ վերջինիս հարակից շրջանների գրավման պատճառով»: Նրա խոսքերով՝ «Ադրբեջանը դեմ չի լինի հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե Երևանը լքի հարակից 7 շրջաններից 5-ը»:








































