Ազգային ժողովում լրագրողները նոյեմբերի 12-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին՝ ոստիկանությունն ու դատաիրավական համակարգը նույն օպերատիվությամբ կարձագանքեի՞ն, եթե դերասան Վարդան Պետրոսյանի փոխարեն լիներ ինքը` Սարոյանը: Գեներալը նախ չհասկացավ՝ ինչի մասին է խոսքը. «Ո՞վ ա Վարդան Պետրոսյանը»: Լրագրողները ստիպված եղան հիշեցնել, որ խոսքը սիրված դերասանի մասին է, ինչից հետո ի հաստատումն՝ նա ասաց, որ Պետրոսյանը լավ տղա է:
«Երկու ախպեր են մահացել, ի՞նչ աներ ոստիկանությունը, ասա: Չէ՞ որ դուք` ժուռնալիստներդ, գնացիք իրանց տուն, նկարեցիք, թե մերը ոնց ա լացում, էլի դուք արեցիք սաղ: Եթե Վարդան Պետրոսյանի մասին մտածեիք, տենց շուխուր չէիք անի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Պետրոսյանի առողջական վիճակը վատ է, եթե նրա փոխարեն ինքը լիներ, նույն կե՞րպ կվարվեին իր հետ, Սարոյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:
«Բա ի՞նչ պտի անեին, ինչի ես ո՞վ եմ»,- զարմացավ նա: Նրան ստիպված հիշեցրին նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը, երբ կրկին «շուխուր» էին արել, բայց դա ոչինչ չփոխեց: Սարոյանին Սուրիկ Խաչատրյան անունն անծանոթ թվաց, նա նորից փորձեց ճշտել՝ ով է: Նախկին մարզպետի մականվան (Լիսկա) հիշեցմանը գեներալը պատասխանեց լայն ժպիտով, ապա բարկացավ լրագրողի վրա: «Ի՞նչ ա արել Սուրեն Խաչատրյանը, իրանից ի՞նչ եք ուզում: Արտակ Բուդաղյանին ո՞վ էր ասում էթար Խաչատրյանի տան վրա: Դու որ աղջիկ ես, որ հարձակվեն ձեր տան վրա, ի՞նչ կանես, հը՞ն, կպաշտպանե՞ս տունդ, թե չէ՞»,- ասաց Սարոյանը:
Նշենք, որ նա այսօր ընդհանուր առմամբ շատ բարեհաճ էր, սիրով պատասխանում էր լրագրողների հարցերին, ապա նշում՝ է՞լ, հաջորդ հարցը: Այդ պատրաստակամությունը նա բացատրում էր բարձր տրամադրությամբ, իսկ տրամադրությունը բարձր էր, քանի որ Իշխան Զաքարյանն առաջադրվել է ՎՊ-ի նախագահի պաշտոնում: «Էսօր տրամադրութունս լավն ա, դրա համար խոսում եմ, Իշխանն առաջադրվել ա դրա համար, որովհետև մեր ԵԿՄ վարչության անդամ ա»,- ասաց Սարոյանը:










































