«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
«Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն։ Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու պախարակելն է։ Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաև կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին մեղավոր համարել մինչև այն պահը, երբ հրապարակվում է դատավճիռը, որը, նորմալ արդարադատության դեպքում, պետք է տա բոլոր հարցերի պատասխանը։
Որպես խիղճ և պատիվ ունեցող մարդ՝ Վարդանը չի կարող ծանր ապրումներ չունենալ, և նրան առանց լուրջ հիմնավորման անազատության մեջ պահելը, իհարկե, խորացնում է այդ ապրումները։ Միանում եմ արվեստագետի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններին։ Մեր դատարանները պարզապես մոլուցք ունեն բոլոր կասկածյալներին կալանավորելու, ինչը բացատրվում է «կոռուպցիոն ռիսկերով» և այդ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ձգտումով։ Ի՞նչ է՝ մտածում են, որ դերասանը փախչելո՞ւ է Հայաստանից կամ գնալու է դեպքի վայր և ապացույցնե՞րն է փոխելու։ Դա կատարյալ անհեթեթություն է։
Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը՝ դերասանին հերոսացնելը, նրան համարյա թե «խղճի կալանավոր» կամ «քաղբանտարկյալ» ներկայացնելը։ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն և գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քադաքական կամ հասարակական գործունեության կամ նույնիսկ ոչ թե «գմփցնելով երթի» մասին է (որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղաքական մոտիվներ գտնել)։ Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, և նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:










































