«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
– Պարոն Սիմոնով, օրերս Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պնդեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ՌԴ-ն կհրաժարվի էներգետիկայի 30 տոկոսանոց ակցիզային հարկից՝ հանրապետություն ներկրվող բնական գազի համար: Հետաքրքիր է՝ այն պայմաններում, երբ ռուսական կողմը տարիներ շարունակ պնդում էր, որ առանց այն էլ շատ ցածր գնով է ՀՀ-ին գազ տրամադրում, որքանո՞վ են հիմնավոր նման զեղչերի մասին խոսակցությունները և մաքսատուրքերից հրաժարումը:
– Ընդհանրապես ՌԴ ցանկությունն էր էներգակիրները դուրս բերել ՄՄ սահմաններից, ինչո՞ւ. որովհետև ամեն դեպքում էներգետիկան այս պատմության հատուկ բաժինն է, և այստեղ կա որոշակի նյուանսների շարք: Օրինակ՝ կապված ռուսական նավթի առաքման հետ, նկատի ունեմ՝ դեպի Ղազախստան ու Բելառուս: Սա ինչ-որ տեղ միգուցե վերաբերում է Հայաստանին կամ չի վերաբերում, բայց ամեն դեպքում ընդգծում եմ՝ նման քննարկումներ ընթանում են, և կա նրբություն՝ կապված հետևյալի հետ. եթե դուք չունեք մաքսային սահմաններ, նավթն անցնում է Ռուսաստանի և Բելառուսի կամ Ղազախստանի ու Ռուսաստանի մաքսային սահմանով, հասնում է գործարաններ, և ստացվում է, որ մենք ընդհանրապես մաքսատուրք չենք ստանում: Իսկ Բելառուսի պարագայում աբսուրդն այն է, որ այդ նավթամթերքը հետո առաքվում է Եվրոպա, և թեև Բելառուսը խոստացել է վերադարձնել այդ մաքսատուրքը ռուսական բյուջե, չի անում, որովհետև այդ նավթամթերքը ձևակերպվում է տարբեր կատեգորիաներում, և, բնականաբար, այդ հարցը բավականին լուրջ է:
Սա ասում եմ, որ պարզ լինի՝ մեզ մոտ վերջնական հասկացություններ չկան, վերջնարդյունքում դուրս կբերվեն էներգակիրները ՄՄ-ից, թե ոչ՝ պարզ չէ: Սկզբունքորեն ես չեմ բացառում, որ նման որոշումներ հնարավոր է կայացվեն: Հայաստանի պարագայում չեմ բացառում, որ արտահանման մաքսատուրքերի թեման կարող է կապված լինել Հայաստանի՝ ՄՄ անդամակցությանը, թեև ինքնին անդամակցությունը չի կարող բերել նրան, որ մաքսային տուրքերը ոչնչանան, չի նախատեսվում նման բան, բայց ես հավատում եմ, որ այս թեման կարող է բարձրացվել և կարող է որոշվել հօգուտ հայ սպառողների: Ես նկատի ունեմ, որ ՄՄ փաստաթղթերում չկա այդպիսի զիջում կամ ավտոմատ կապ, բայց այդ հարցն, անխոս, կարող է բարձրացվել և դիտարկվել: Չեմ բացառում, որ այդ որոշումը կայացվի և՝ հօգուտ Հայաստանի:
– Այսինքն՝ եթե լինեն զիջումներ, ապա դա ՄՄ կանոնադրությամբ չէ՞, որ նախատեսվելու է, լինելու է պարզապես զիջում ՄՄ անդամակցությա՞ն դիմաց:
– Այո, Բելառուսի պարագայում դա կապված էր «Բելտրանսգազ»-ի հետ:
– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է հայկական կողմը պնդում, թե ՄՄ անդամ է դառնում գնի չթանկանալու դիմաց:
– Պարզ է, որ Հայաստանը կցանկանար ՄՄ-ից ստանալ շատ առավելություններ, և սա ամենատրամաբանականն է: Ուստի Հայաստանը կցանկանար այս հարցը լուծել: Հայաստանի հետաքրքրությունները հասկանալի են:
– Ռուսաստանին անհրաժե՞շտ է ՄՄ-ում մի գործընկեր, որը բացի բնական գազի ցածր գնից և առանց մաքսատուրքերի առաքումից՝ այլ հետաքրքրություններ այդ միության կազմում չունի: Ավելին՝ տեսակետներ կան, որ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ չունի ընդհանուր արժեքային համակարգ, սկզբունքներ:
– Ես չէի ասի, որ Հայաստանը մեզ հետ ընդհանուր արժեքներ չունի: Խնդիրն այլ է. հնարավոր է՝ ընդհանուր արժեքներ կան, բայց ընդհանուր սահման չկա: Դա շատ ավելի վատ է: Այս իմաստով հարցեր են առաջանում: Եթե անկեղծ խոսենք, ինչո՞ւ Հայաստանին վերցնել ՄՄ, եթե հասկանալի չէ, թե էներգառեսուրսներից բացի՝ ինչպե՞ս պետք է այս համակարգը գործի: Բելառուսի և Ղազախստանի պարագայում ամեն ինչ հասկանալի է, մենք ունենք ընդհանուր սահման և ապրանքների մեծ շրջանառություն, և տեղի է ունենում հոսք, իսկ Հայաստանի պարագայում դա էլ մեծ տոկոս չի կազմում, և սահմանի պարբերաբար հատում էլ չկա: Սա շփոթմունք է առաջացնում: Ցանկալի չէր, որ այդ նախագիծը լիներ քաղաքական:
– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի լուծումը:
– Ռուսաստանին անհրաժեշտ են գործընկերներ, և Հայաստանի անդամակցությունը կարող է դիտարկվել որպես այդ ֆիկտիվ գաղափարի ցուցադրում, թե այն, ամեն դեպքում, զարգանում է, իսկ ՌԴ-ն, բնական է, հետաքրքրված է Հայաստանով, իսկ Հայաստանը ցանկանում է և հույս ունի ստանալ լիովին հասկանալի զեղչեր: Ես կողմերին հասկանում եմ, բայց դա բավարար չէ: Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կլուծի Ղազախստանի և Բելառուսի հարցը, և այդ իմաստով խնդիրներ էլ չեն լինի: Սակայն դա ամենալուրջ թեման չէ:






































