Հայ-ամերիկյան քրիստոնեական ասոցիացիան հայտարարությամբ է հանդես եկել Շանթ Հարությունյանի նոյեմբերի 5 միջադեպի հետ կապված հայտարարությունը
«Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ին կատարվածը ցնցող էր մեր ողջ հասարակության համար, քանի որ այն ծայրահեղ դրսևորումների կուտակումը, որը կար, ստացավ իր սիմվոլիկ դրսևորումը:
Վերջին տարիներին մեզանում ստեղծվել է ուժի մշակույթ՝ ով ուժեղ է, լինի դա մարդ, թե՛ կուսակցություն թե՛ պետական պաշտոնյա, նա պիտի թելադրի՝ ոչ մի բանի հետ հաշվի չնստելով: Սա բերել է մեծ դեստրուկցիայի կուտակման՝ ստեղծված ուժի պաշտամունքը բացարձակ հակասում է թե՛ քրիստոնեական ավանդույթին թե՛ մեր ողջ մշակույթի պատմականորեն ձևավորված ապրելակերպին՝ մեզ մոտ բնորոշ է հասկանալ դիմացինին, փորձել գտնել լուծում, որը չի հալածում մարդուն և նվաստացնում իր արժանապատվությունը: Այս ամենը դրված է մի կողմ և վերցված է բացարձակ ուժի դրսևորումը: Իհարկե առաջին պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Սակայն պատասխանատվությունը ամբողջական է և ողջ հասարակությունը փաստորեն ընդունել է այդ խաղի կանոնները և երբեք չի բարձրաձայնել դրա անթույլատրելիությունը:
Ճիշտ հակառակը՝ որոշ դեպքերում տարբեր քաղաքական ուժեր, տարբեր կառույցներ ուժի քաղաքականությունը ընդունել են որպես գործելաոճ: Շանթ Հարությունյանի ընդվզումը իր մեջ պարունակում էր այդ ուժի անթույլատրելիության ցուցադրումը՝ թվում է թե նա փորձել է ուժ կիրառել, բայց բոլորի համար ակնհայտ է, որ այնտեղ ուժ չկար՝ կար ուժի դրսեւորումների ցուցադրում և, այդ իմաստով, ընդվզում ուժի դեմ:
Մենք դա դիտում ենք որպես ուժի պաշտամունքը կանգ առնելու կոչ: Մենք առաջարկում ենք անհապաղ հավաքվել հայաստանյան բոլոր կառույցներով և ստեղծել կլոր սեղան, հետևել, որ ոչ մի ծայրահեղ դրսևորում ոչ մի կողմից չլինի և համապատասխանի թե՛ մեր բարոյական թե՛ այն նորմերին, որոնք այսօրվա դրությամբ ընդունվում են միջազգային հանրության կողմից:
Մենք նաև կոչ ենք անում հայության տարբեր կառույցներին, նախ և առաջ մեր գործընկեր հանդիսացող Միացյալ Նահանգներում գործող թե՛ հայկական թե՛ ամերիկյան կառույցներին, բոլոր Հայաստանի բարեկամներին ցուցաբերել աջակցություն:
Լուսանկարը՝ Photolure-ի









































