Վնասատուների դեմ պայքարի հարցերով սանիտարական ծառայությունը մեկ տարվա ընթացքում 40 անգամ ժամանել է Լոնդոնի վարչապետի նստավայր՝ Դաունինգ սթրիթ: Պատճառը առանձնատան աշխատակիցներից մեկի՝ մկնորս Լարիի բացարձակ անգործությունն է՝ գրում է Sunday Times-ը:
Ինչպես հաղորդվում է, անցած տարի Լարի կատուն բաց է թողել 29 առնետ և մուկ: Կենդանին գերադասել է ուղղակի խաղալ վնասատուների հետ կամ ընդհանրապես նրանց վրա ուշադրություն չի դարձրել: Լարին այնքան է ծուլացել, որ նրան օգնելու համար ստիպված են եղել մասնագետներ կանչել:
Նստավայրի աշխատակցից դժգոհությունը վաղուց է սկսվել: Անցած տարվա գարնանը բանը կարող էր հասնել ընդհուպ նրան, որ մկնորսին ազատեին, սակայն այդ ժամանակ Լարիին ուղղվելու հնարավորություն տվեցին:










































