44-ամյա բժիշկ Վահե Բարսեղյանը մարտից աշխատում է Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժնում: Ծնվել, մեծացել է Լիբանանում, 1988 թվականից տեղափոխվել է Հայաստան, սովորել Երևանի պետական բժշկական ինստիտուտում, ապա աշխատել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վերադարձել էր Լիբանան, 3 տարի ապրել ու աշխատել Բեյրութում: Անցյալ տարի նորից Հայաստան գալով` սիրիահայ բժիշկ ընկերների օրինակով դիմեց Առողջապահության նախարարություն` աշխատանքի տեղավորման խնդրանքով: Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում, նրա խոսքով, «մի տեղի վրա 2-3 բժիշկ է աշխատում», ուռուցքաբանի պահանջարկ կար միայն Վանաձորում և Արարատում, նա էլ գործուղվեց Վանաձոր (լսել էր Լոռու բնության մասին):
Վահե Բարսեղյանը հայ իրականությանը հարմարվելու խնդիր չի ունեցել, կյանքի մեծ մասը Հայաստանում է ապրել, այստեղի վարքուբարքը սովորական են նրա համար, կինն էլ հայաստանցի է:
Հայաստանն ու Լիբանանը համեմատելիս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երկու երկրների ամենակարևոր տարբերությունը: «Ունեմ բժիշկ ընկերներ, որ էս մի քանի տարի է Լիբանանից եկել են, միակ պատճառը, որ էստեղ անվտանգ է, ո՛չ երկրաշարժերի առումով, բայց գոնե գիտես, որ ռումբ չի տրաքելու, կամ չեն կրակելու, կամ չեն առևանգելու: Էստեղ ապահով է` համեմատած Լիբանանի հետ»,- նախ այս առավելությունն ընդգծեց բժիշկը` խոսելով իր սերնդակիցների անունից, որոնք, պատերազմի մեջ մեծացած լինելով, չեն ուզում, որ նույնը նաև իրենց երեխաները տեսնեն:
Լիբանանում ազգամիջյան խտրականություն, նրա խոսքով, եղել է կրոնական հողի վրա, բայց վերջին տարիներին` մանավանդ երիտասարդների մոտ քրիստոնյա-մուսուլման տարբերությունն արդեն շատ չի ընդգծվում: «Նրանց համար մեկ է` շփվում են, գնում-գալիս են, իսկ իմ համար խորթ է, ես որ գնում եմ մուսուլմանական թաղեր, մի քիչ ավելի ինձ զուսպ եմ պահում, հայերեն շատ չեմ խոսում, կամ եթե մոտս հայ կա, փորձում եմ ինձ փակ պահել: Զարմանում եմ` մարդը հայերեն է խոսում ու չի մտածում, որ կիմանան, որ ինքը հայ է. էդ բանը իմ մոտ կա»,- ասաց Վահե Բարսեղյանը և բացատրեց իր այդ նախապաշարմունքի պատճառը. մինչև 90 թիվը քաղաքացիական պատերազմ էր քրիստոնյաների և մուսուլմանների միջև, Բեյրութը բաժանված էր 2 մասի, և իրենց ընտանիքը մուսուլմանական շրջանում էր ապրում: «Տեսանելին էդպես էր, բայց խորքում աշխարհի գերտերությունների, արաբական երկրների բախումներն էին, որոնք կատարվում էին Լիբանանի հողի վրա,- ասաց բժիշկը,- 75-ին է սկսվել, քրիստոնյա-մուսուլման իրար դեմ, հետո արդեն փոխվել է` մուսուլմանը մուսուլմանի դեմ, այսօրվա դրությամբ` քրիստոնյան քրիստոնյայի դեմ: Երևի մուսուլմանները ավելի շատ են հայերին տեղ տալիս, քան թե քրիստոնյաները»:
Վահե Բարսեղյանի պատմելով` Լիբանանում թանկ են կրթությունն ու բժշկությունը: Հայերը հիմնականում երեխաներին հայկական մասնավոր վճարովի դպրոցներ են ուղարկում: Ավարտական դասարաններում միայն, վարձի պատճառով ստիպված տեղափոխում են պետական դպրոց: «Էնտեղ հիմնականը, եթե դու դպրոցում աշակերտ ունես, էդ ժամանակ է որ, ոնց են ասում, մեջքը կոտրվում է աշխատողի: Մանկապարտեզներ կան, որ 2000-3000 դոլար արժե տարվա վճարը, արդեն պատկերացրեք: Բժշկությունը վճարովի է: Մեծ մասը ժողովրդի պետական ապահովագրություն ունի, 10 տոկոս դու ես վճարում, 90 տոկոս` պետությունը, բայց եթե չես աշխատում, հաստատագրված ցանկով` վիրահատությունները կամ բուժումները թանկ են: Վիրահատության ժամանակ նախօրոք թղթերը կազմում ես տալիս, բայց էնտեղ վիրահատության մեջ մտնում են նաև պալատի փող, սննդի փող, դրա համար ավելի շատ է գալիս գումարը, քան թե էստեղ: Էստեղ դրանք մտնում են, բայց քիչ են: Համեմատելու համար` սրտի զոնդավորումը մոտավորպես 3 տարի առաջ 1000 դոլար էր Լիբանանում»,- ասաց բժիշկը:
Լիբանանում նվազագույն աշխատավարձը 400-500 դոլար է: Հիվանդանոցում աշխատող բժշկի աշխատավարձը սկսվում է 700-800 դոլարից: Իսկ վիրահատող կամ բուժող բժիշկները վարձատրվում են բուժծառայությունների համար պետականորեն հաստատագրված գնացուցակով: Բեյրութում Վահե Բարսեղյանն ամսական 800 դոլար աշխատավարձ էր ստանում, իսկ Երևանում` 40-45 հազար դրամ, Վանաձորում էլ` դրանից մի քիչ շատ: Բժշկի խոսքով` եթե նույն նվազագույն աշխատավարձը սահմանվի նաև Հայաստանում, այստեղ ապրելն ավելի մատչելի կլինի: «Եթե 400-500 դոլար մարդը էստեղ ստանա, ինքը ավելի լավ կապրի, քան Բեյրութում,- ասաց նա ու պարզաբանեց,- Էստեղ ժողովրդի մեծ մասը իր սեփական տունն ունի, տան վարձ չի տալիս, իսկ Բեյրութում ժողովրդի 50 տոկոսից ավելին վարձով է ապրում: Էստեղ շատ բաներ ավելի էժան են` սնունդը, կոմունալ ծախսերը, դե էնտեղ բնական գազ չկա, դա դնենք մի կողմ, հոսանքի առումով էստեղ ավելի քիչ է վճարը»:
Ի դեպ, Լոռու մարզպետարանում «Առաջին լրատվական»-ին հավատացրել էին, թե սիրիահայ բժիշկների հետ պետությունը պայմանագրեր է կնքել բարձր աշխատավարձով և ապահովել նրանց կացարաններով, բայց օրինակ` լիբանանահայ բժշկի դեպքում պարզվեց, որ այդպես չէ. Վահե Բարսեղյանը մարտից բնակվում է Վանաձորի բժշկական կենտրոնում` իր աշխատավայրում, աշխատավարձն էլ չի հասնում 100 հազարի: Չնայած ինքը բժիշկը դժգոհ չէ: «Նորմալ պայմաններ են` տաք ջրով, ինձ հարմար է: Ժամանակավոր հիվանդանոցում եմ մնում, հետո տուն պիտի տան, որոշենք` ընտանիքս գալու է, թե չի գալու, նոր: Կինս երևանցի է, դպրոցում է աշխատում, էդ է մի քիչ պրոբլեմատիկը»:
Ամեն դեպքում, բժիշկ Վահե Բարսեղյանը որպես բնակավայր, աշխատանքային միջավայր` հեռանկար տեսնում է Վանաձորում: «Հիմի դժվարը ինձ համար Վանաձորում էտ է, որ ընտանիքս չկա, եթե ընտանիքս էստեղ լինի, ուրիշ կլինի: Էստեղ հանգիստ է, մաքուր է, ճիշտ է մի քիչ ցուրտ է երևի, ձմռանը դեռ էստեղ չեմ եղել, մարտից հետո եմ եկել, բայց ընտանիքս որ լինի, շատ բան կփոխվի»:









































