«Այդքան քննադատություններից, քաղավիացիայի գլխավոր վարչությանը, նախագահին ու վարչապետին ուղղված նամակներից, տարբեր փորձագետների ու ճարտարապետների կողմից բազմիցս հնչեցված բացասական կարծիքներից ու դժգոհությունից հետո նորից ներկայացվեց այս նախագիծը, որն անգրագիտության վերին աստիճանի դրսևորում է․ «Զվարթնոց» օդանավակայանի քանդման առաջարկով կրկին հանդես գալը առնվազն անբարոյականություն է և հանցագործություն ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլ ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ, որովհետև ինչպես թալիբները պայթեցրին Բուդդայի արձանը, ինչպես իսլամիստ ահաբեկիչները հողին հավասարեցրին ու ոչնչացրին Սիրիայի հրաշագեղ Պալմիրա քաղաքը, այնպես էլ այսօր նույնը պատրաստվում է անել Հայաստանի քաղավիացիան «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օրերս e-draft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը։
Ինչպես նշված է հիմնավորման մեջ ՝ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ-ի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:
Նշենք նաև, որ այս նոր պլանով նախատեսվում է նստեցման հատվածի ընդլայնում, վազքուղու վերանորոգում, կառամատույցի վերանորոգում, պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ, վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում և մի շարք այլ նմանատիպ փոփոխություններ։
Անահիտ Թարխանյանի համոզմամբ՝ արդիականացման քողի ներքո քաղավիացիայի գլխավոր վարչությունը և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որին կոնցեսիոն կառավարմամբ հանձնվել է օդանավակայանը, նպատակ են դրել ամբողջությամբ քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։
«Մի բան է հատվածային վերանորոգում անելը, ինչ-որ տարածքներ մասնակի նորոգելը, լրիվ ուրիշ բան է ամբողջությամբ շենքը դնես քանդես ու նորից իբրև թե վերանորոգես և ես նրանց ներկայացրած նախագիծն անգամ չեմ էլ ուզում քննարկեմ, քանզի դա բարբարոսություն է․ ամեն անգամ գալ և քանդել կառուցածը և ինչ-որ նոր բաներ կառուցել՝ մանավանդ ըստ այն գծագրի, որը նրանք են ներկայացրել և օդանավակայանի այն շենքը, որը նրանք են կառուցել՝ դա շենք չի, այլ տիպարային ախոռ է․ ախոռն էլ կարելի է ներսից սիրուն մարմարապատել, ձևավորել, բայց փաստը մնում է փաստ, որ դա ուղղակի մի հատ քառակուսի տուփ է, որը փորձում են Հայաստանի հանրությանը ներկայացնել իբրև մեծ նվաճում, բայց դա ընդամենը ախոռ է, որտեղ ճարտարապետական որևէ միտք, ճարտարապետական նվաճում ազգի համար չկա, ընդ որում իբրև թե քիչ է այդ տարածքի ախոռը հիմա էլ փորձում են «Զվարթնոց»-ի հին շենքը քանդել ու այդ ախոռը մեծացնեն- դարձնեն ի՞նչ՝ ավելի երկար ախոռ, հա՞ , ես չեմ հասկանում դրա միտքը»,-շեշտեց ճարտարապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։







































