Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան համաձայնել է մասնակցել Սիրիայի հարցով «Ժնև-2» խաղաղ համաժողովին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կոալիցիայի մասնակիցների որոշմանը, որն ընդունվել է Ստամբուլում հանդիպման արդյունքներով:
Ընդունված փաստաթուղթը մի շարք պայմաններ է պարունակում, որոնք պետք է կատարվեն մինչ Ժնևում համաժողովի աշխատանքի մեկնարկը: Այդ պայմանների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջարբան հայտարարել էր, որ սիրիական ընդդիմությունը մտադիր չէ մասնակցել համաժողովին, եթե համաժողովին մասնակցի նաև Իրանի պատվիրակությունը, և եթե համաժողովի մեկնարկից առաջ չսահմանվեն Ասադի ռեժիմի հեռանալու ժամանակային շրջանակները: Բացի այդ, որպես մասնակցության պայման՝ նշվել էր համաժողովին ընդդիմության մարտական թևի ներկայացուցիչների ներկայությունը, ինչպես նաև սիրիական հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին գրավոր հայտարարությունը:
Ինչ վերաբերում է Սիրիայի ներսում ընթացող իրադարձություններին, հաղորդվում է, որ սիրիական կառավարական զորքերը Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում մարտերի ընթացքում ոչնչացրել են առնվազն 90 ապստամբի: «Ալ-Խաբար» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հյուսիսային մայրաքաղաքի «օդային դարպասներ» տանող մայրուղին գտնվում է սիրիական բանակի լիարժեք վերահսկողության ներքո: Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում օդանավակայանի աշխատանքի վերսկսման ուղղությամբ:







































