Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գիրքը հայերեն թարգմանած Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից հետո գրքի շնորհանդեսը չեղարկել է նաև «Նոյյան տապան» գրախանութը՝ չնայած նախապես ձեռք բերված համաձայնությանը:
Գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղծված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:
Արդեն ակնհայտ է, որ Վրաստանի նախկին նախագահի գրքի շնորհանդեսը Հայաստանում տապալվում է քաղաքական շարժառիթներով, և թերևս հարկ կա հասկանալու պատճառը, որովհետև գոնե ֆորմալ առումով Հայաստանը դեմոկրատական երկիր է, իսկ տեղի ունեցածը նման է գրաքննության սովետական դրսևորման: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը 2009-ին Սաակաշվիլիին պարգևատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է:

Ինը տարվա ընթացքում Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքը Երևանում արմատապես փոխվել է, ինչն, անշուշտ, չի կարելի բացատրել միայն այն հանգամանքով, որ տեղի է ունեցել քաղաքական այս գործչի կարգավիճակային փոփոխություն:
Ֆորմալ առումով Հայաստանի իշխանությունները կարող են հիմնավորել, որ հայ-վրացական հարաբերություններն ավելի թանկ են, քան մեկ գործիչն ու նրա գրքի շնորհանդեսը: Նման մոտիվի տրամաբանությունն այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին ներկայումս Վրաստանում հետապնդվող գործիչ է, ով նույնիսկ հեռակա դատապարտվել է, և Հայաստանում «գրաքննելով» Սաակաշվիլիին՝ փորձում են ժեստ անել պաշտոնական Թբիլիսիին: Այս վարկածը միանգամայն տրամաբանական է թվում՝ մանավանդ, որ կարող է դիտվել Հայաստանի իշխանությունների պատասխան քայլ պաշտոնական Թբիլիսիին, որը տակավին վերջերս արգելեց Հայաստանի ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան:
«Ավտորիտար ինտերնացիոնալը», սակայն, հայ-վրացական համագործակցության լավագույն հիմքը չէ, որովհետև երկկողմ բովանդակ օրակարգը ծառայեցնում է քաղաքական կոնյունկտուրային և ստվերում է երկու երկրների ռազմավարական մերձեցման եվրոպական բաղադրիչը: Մյուս կողմից` եթե Երևանում այդքան «դողային» հայ-վրացական հարաբերությունների վրա, Հայաստանում կամ Արցախում պարբերաբար չէին հայտնվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի իշխանությունների ներկայացուցիչները, ինչն, անշուշտ, ավելի մեծ հարված է վրացական շահերին:
Սակայն աբխազների ու օսեթների պարագայում Հայաստանի իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց մենթալիտետին ու քծնել են Մոսկվային, և, ի դեպ, նույն Սաակաշվիլին և շատերը կարծում են, որ «Ուժերի զարթոնք» գրքի հայկական թարգմանությունը Հայաստանում հայտնվել է «դիսիդենտի» կարգավիճակում դարձյալ այն պատճառով, որ մեր իշխանությունները քծնում են Մոսկվային, որովհետև Սաակաշվիլին, մեծ հաշվով, «գունավոր հեղափոխությունների» խորհրդանիշն է և առաջին հերթին՝ Վլադիմիր Պուտինի թշնամին:
Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ամիսներ առաջ Երևանում արգելվել էր ստալինյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը, ինչն ակնհայտորեն Պուտինի իշխանությանը քծնելու դրսևորում էր: Ըստ ամենայնի, Երևանում համարել են, որ Սաակաշվիլիի գիրքը հաստատ Պուտինի ճաշակով չէ:
Մյուս կողմից` Հայաստանի իշխանության վարքագծի հիմքում գուցե չկան արտաքին քաղաքական մոտիվներ, և ամեն բան ունի շատ ավելի պարզ բացատրություն. ավտորիտար իշխանություններն արգելում են հեղափոխության ցանկացած՝ ուղղակի կամ անուղղակի քարոզչություն, իսկ Սաակաշվիլիի գիրքը հենց այդ ժանրի մեջ է:
Այս համատեքստում ծիծաղելի են իշխանության շրջանակներից այս օրերին նետված խայծերը, թե Վրաստանի նախկին նախագահը իր պաշտոնավարման շրջանում հակահայկական քաղաքականություն է վարել, որովհետև ստացվում է` Սերժ Սարգսյանը խրախուսել է այն, քանի որ Միխեիլ Սաակաշվիլին Պատվո շքանշանը ստացել է Հայաստանի հենց գործող նախագահից:









































