«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը:
– Պարոն Մակեյան, ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներին: Առաջիկայում հանդիպելու է խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերին: Օրակարգում կա՞ ձեզ հետ հանդիպում, պատրա՞ստ եք արդյոք հանդիպել:
– Դեռ առաջարկություն չի եղել, և երբ առաջարկություն լինի, մենք մեզ մոտ կքննարկենք, կպատասխանենք:
– Իսկ ի՞նչ հարցեր կբարձրացնեք նրա մոտ:
– Ես նախկին վարչապետի հետ առնչվել եմ, երբ պատգամավոր էի, փոխմարզպետ, և այն ցանկությունները, որ ինքն ուներ այն ժամանակ, ինձ համար ողջունելի էին: Եթե նույն մարդն է մնացել, բնականաբար, նորմալ է: Բայց այս համակարգը, որ արդեն դարձել է մարդակեր համակարգ, ինքն ինչպե՞ս է փոխելու. ինձ այս խնդիրն է հետաքրքրում: Որովհետև այս համակարգը պետությունը կործանում է, պետական ամբողջ համակարգը, ընտրության չգոյությունը, կուսակցությունների իսպառ բացակայությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, արդարադատության չգոյությունը, արտագաղթը հասել են մի սահմանագծի, երբ արդեն արտագաղթը երկրի անվտանգության սպառնալիք է. եթե նա այսօրվա «սահմանադրության» փոքրիկ լիազորություններով մտնում է այդ բեռի տակ և փորձում ստի վրա կառուցված համակարգը փոխել, պետության ողնաշարը հոշոտող համակարգը փոխել, փառք իրեն, բայց ես մտավախություն ունեմ, որ կարող է ինքը ներքաշվել այդ ճահճի մեջ: Սա է խնդիրը:
– Պարոն Մակեյան, բայց ձեր ճակատը ընտրությունների միջոցով չի ակնկալում փոփոխություններ:
– Ինչքան ես հասկանում եմ, արտախորհրդարանական կուսակցությունների հետ է ուզում հանդիպել: Ես ներկայացնում եմ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, և եթե առաջարկություն եղավ, կուսակցության քաղխորհրդում պիտի քննարկվի այդ հարցը: Իհարկե, ես կիրազեկեմ նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի իմ ընկերներին, բայց թող կուսակցության քաղխորհուրդը որոշի:
– Նախագահի ընտրություններին հաջորդելու է վարչապետի ընտրությունը: Ի՞նչ եք կարծում՝ այսպիսի համերաշխություն կլինի՞ նաև վարչապետի թեկնածուի շուրջ, եթե թեկնածու լինի Սերժ Սարգսյանը:
– Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այս համակարգի պարագայում, ով է լինի վարչապետը, միևնույն է՝ սկզբնական շրջանում կլինի Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, իսկ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իմ տրամաբանությամբ՝ գոնե հնարավորություն կլինի ժողովրդին պոռթկալու: Եվ ըստ իս՝ ավելի լավ է, որ ինքը լինի, քանի որ այս ամբողջ համակարգը, որի ճարտարապետը ինքն ու Քոչարյանն են, հիմա ինքն է պատասխանատուն, թող ժողովուրդը տեսնի իր դեմքով: Մեկ անգամ տեսանք, չէ՞, ինչպես Կարեն Կարապետյանով աճպարարություն արեցին, հիմա ներքաշել են Արմեն Սարգսյանին: Եվ ավելի լավ է Սերժ Սարգսյանը իր դեմքով վարչապետ լինի:
– Պարոն Մակեյան, տեսակետ կա, որ Հայաստանում քաղաքական ուժերը սպառված են և չեն կարողանում օրակարգ թելադրել, և այդ փոփոխությունները պետք է գան ներսից՝ իշխանությունից: Համամի՞տ եք:
– Հայաստանում չկա ընտրական համակարգ, և եթե չկա ընտրական համակարգ, բնականաբար, չկան նաև կուսակցություններ: Այս պարագայում քաղաքական ուժերի բացակայության դեպքում ժողովրդի՝ այս չափի ատելությունը անձի և համակարգի նկատմամբ, չի բացառվում՝ ինչ-որ պահի, նույնիսկ ձեր ասած ընդդիմության չգոյության պարագայում (իսկ ընդդիմություն միշտ էլ կա), մի մասին վախեցնում են, մի մասին առնում են, բայց ընդդիմության կորիզ կա Հայաստանում: Որպեսզի ընդդիմությունը չառաջնորդի ժողովրդի ըմբոստությունը, իրենք, զգալով վտանգը, կարող են ներքին հեղաշրջում անել և դրանով փորձեն շարունակել իրենց, այսպես ասած, կլանի իշխանությունը: Եվ դա չի բացառվում: Ես վստահ եմ, որ իրենք ամենալավն են տեղեկացված, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի իրականությունը, իսկ եթե չգիտի, ավելի վատ իր համար:
– ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակում», որում ընդգրկվել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և միլիարդատերերը, կան նաև հայեր, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը: Ինչպե՞ս եք գնահատում:
– Սա Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերի բախման հետևանք է, և բնականաբար, անունները եթե հայտնվել են Միացյալ Նահանգների ցուցակում, հենց այնպես ոչինչ չի կատարվում: Իհարկե, հենասյունը քաղաքական շահերն են, բայց ոչինչ հենց այնպես չի կատարվում: Հիմա չեմ կարող գնահատել, որովհետև ամբողջովին իրազեկված չեմ, տեղեկատվություն չունեմ, ուղղակի ես սա համարում եմ երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բախման հետևանք, և այդ երկուսի բախման հետևանքով որոշ օլիգարխներ են հայտնվում, որոնք ռուսական բիզնեսում են ներգրավված, և այդ բիզնեսը չի կարող իդեալական լինել, նույն խաղի կանոններն են նաև այնտեղ:










































