ԱՄՆ առաջին տիկինը չեղարկել է ամուսնու հետ իր այցելությունը Դավոսի տնտեսական ֆորումին։
Վերջին ժամանակներս արևմտյան շատ լրատվամիջոցներ սկսել են կասկածել, որ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի հարաբերություններում խնդիրներ կան։ ԱՄՆ առաջին տիկինը չեղարկեց ամուսնու հետ իր այցելությունը Դավոսի տնտեսական ֆորումին այն բանից հետո, երբ մամուլում հրապարակումներ հայտնվեցին պոռնո–աստղ Սթորմի Դենիելսի հետ Թրամփի կապի մասին։ Առաջին տիկնոջ մամլո խոսնակ Ստեֆանի Գրիշեմը Twitter-ի իր էջում հերքել է Թրամփի ընտանիքում խնդիրների վերաբերյալ հայտարարություններն ու կասկածները։ «Կեղծ և անվայելուչ հաղորդագրությունների մի մեծ քանակություն է հայտնվել միսիս Թրամփի մասին։ Միսիս Թրամփը կենտրոնացած է իր ընտանիքի և առաջին տիկնոջ պարտականությունների վրա, և ոչ մի կերպ՝ ԶԼՄ–ների անիմաստ հայտարարությունների վրա»։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ առաջին տիկինը դեռ անցյալ շաբաթ մեկնել է Ֆլորիդա, որտեղ իրենց ընտանեկան Մար–ա–Լագո նստավայրն է և սպա–հանգստավայրը։ Այնուամենայնիվ, Սպիտակ տունը այս առթիվ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։










































