«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ ՔԿՎ նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը ո՛չ տուն ունի և ո՛չ էլ ավտոմեքենա. համենայնդեպս, նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում շարժական և անշարժ գույք ունենալու մասին որևէ բան չի նշել:
Փոխարենը, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ՔԿՎ պետն ունի 73 մլն դրամի չափով դրամական միջոց: Ի դեպ, նրա այս 73 մլն դրամը 2014 թվականից մինչ օրս պահպանվել է, ընդամենը 2015 թվականին 7 մլն դրամով ավելացել է, ապա նորից նվազել` հասնելով դարձյալ 73 միլիոնի: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 645 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՔԿՎ պետի տեղակալի պաշտոնը, իսկ օրերս էլ նշանակվեց ՔԿՎ պետ՝ փոխարինելով Արթուր Օսիկյանին, որի հետ նա տևական ժամանակ լարված հարաբերություններ ուներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:










































