Իրանում վերսկսվել են հակակառավարական ցույցերը, որոնք ծայր էին առել երկրի մի շարք շրջաններում անցած տարվա դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, որի տեղեկություններով գիշերը մի քանի քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել։
Նշվում է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել հարավային Բենդեր-Աբաս քաղաքում, ինչպես նաև Նեջեֆաբադում (կենտրոնական Սպահան նահանգ) և հարավարևելյան Կերման նահանգում։
Շիրազում մարդիկ վանկարկել են. «Մա՛հ բռնապետին»։ Կերմանում ցուցարարները կոչ են արել անվտանգության ուժերին հրաժարվել ցույցերը ճնշելուց և անցնել ցուցարարների կողմը։
Ցույցերի վերսկսումը տեղի է ունեցել ամերիկյան ղեկավարության կողմից Իրանի հասցեին արված նոր մեղադրանքների ֆոնին։ Երեկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի անդամներին էր ներկայացրել իբրև իրանական ծագմամբ սպառազինություն, որը փոխանցվել է եմենցի ապստամբներին՝ Թեհրանի միջազգային պարտավորությունների խախտմամբ։










































