Դպրոցաշինության ոլորտում մի շարք հաջողություններ են գրանցվել և այս տարի նույնպես այդ միտումը շարունակվելու է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։
«Դպրոցաշինության ոլորտում 2017 թվականին հաջողություններ ունեցանք։ Առանձին դպրոցներում իրականացվել են ներքին վերանորոգման աշխատանքներ, ըստ առաջնահերթությունների դասակարգվել են նաև ընդհանուր շինարարական կարիքներ ունեցող դպրոցները և այդ ուղղությամբ ծրագրավորած քայլերը, կարծես, կատարվեցին։ Այն, ինչ պլանավորված էր, ամենը 2017 թվականին իրականացվել է։ Այդ ամենի կողքին դեռ կան դպրոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, օրինակ՝ տանիքի խնդիր ունեն»,- նշեց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ լինում են ծնողներ, մանկավարժներ, ովքեր դիմում են իրենց համապատասխան դպրոցների խնդիրներով, որ շատ լավ վերանորոգված դպրոցների կողքին դեռևս կան այնպիսիները, որոնց վրա ուշադրություն պետք է հրավիրվի։
«Կարծում եմ, որ սա պետության ուղիղ հոգածության ներքո է, որովհետև, եթե նախկինում մենք կերազեինք ունենալ ամբողջովին ջեռուցվող դպրոցներ՝ այսօր այդ խնդիրը լուծված է։ Պետք է կարողանալ խնդիրներն ըստ առաջնահերթությունների ճիշտ դասակարգել, և հետևողական ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ մենք կունենանք այն, ինչին ձգտում ենք բոլորս։
Այնուամենայնիվ, կրթության որակի հարցում մենք ունենք դեռ չիրականացրած երազանք, որն էլ փորձում ենք անել տարբեր ծրագրերով։ Կարծես թե ՀՀ ԿԳՆ-ն նույնպես ունի իր առաջարկները, նույնպես ծրագրեր է իրականացնում՝ վեկտորն ուղղելով դեպի կրթության որակի բարելավումը։












































