Այս տարի լրացավ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի 45-ամյակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշեց, որ մտադիր են դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշել հոբելյանական տարին:
«45-ամյակի կապակցությամբ փորձում ենք հրատարակել մի ֆոտոալբոմ, որը կներառի հնավայր այցելած հայտնի հյուրերի նկարներն ու գրառումները: Ավելի մեծ թափով պատրաստվում ենք 50-ամյակին, երբ արդեն ամբողջովին վերականգնված կլինի ամրոցը: Նպատակ կա շարունակելու ու զարգացնելու ուրարտագիտական կենտրոն ստանալու գործը. դա հրատապ է»,- ասաց նա:
Գյուրջյանը տեղեկացրեց, որ Կարմիր բլուրում հենց հիմա պեղումներ են կատարվում՝ կապված նոր կառուցվող ավտոմայրուղու հետ: Պեղումների նպատակն է՝ հասկանալ՝ ինչպես պետք է ճանապարհն անցնի, որ հնավայրը չտուժի դրանից: Թանգարանը դիմել է կառավարությանը, նաև միջազգային դրամաշնորհային ընկերությունների՝ հուսալով ստանալ աջակցություն: «2008-ից Էրեբունիում մեկնարկած հայ-ֆրանսիական համատեղ պեղումները հնավայրի ուսումնասիրման նոր փուլ սկզբնավորեցին, դա նաև կրթական նպատակ ուներ, այն կարևոր է և հնագիտական, և ուրարտագիտության առումով»,- ասաց նա:
Թանգարանի լրատվական բաժնի ղեկավար Հասմիկ Ազյանը նշեց, որ ֆրանսիացիները հնագիտական առաքելություն են իրականացնում Էրեբունիում, հնագիտությունը ֆինանսավորվում է ԱԳ նախարարության կողմից: Ֆրանսիայում կազմակերպված Ֆրանսիական հնագիտությունը Ֆրանսիայում և Ֆրանսիայից դուրս խորագրով միջոցառմանը հյուրընկալվել է նաև Էրեբունի արգելոց-թանգարանը:
«Էրեբունու՝ իբրև ապրող ժառանգության նշանակությունը մոռացության է մատնված, մենք փորձեցինք ներկայացնել՝ ինչպես այն դարձավ մեր ժողովրդի հպարտությունը, սակայն հետո անբարենպաստ քաղաքական իրավիճակի հետևանքով մարեց դա, քանի որ արդեն մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրություն չկար: Տարիներ շարունակ ֆրանսիացիները Հայաստանում իրենց փորձն ու փորձառությունն են տարածել, մեր հնագետների դպրոցը ծերացել է, ուստի նրանց փոխարինող կադրեր են պետք, համագործակցությունը նպաստում է դրան, այն նաև մեդիահետաքրքրությունն է խթանել»,- ասաց նա:
Ազյանի խոսքով՝ Էրեբունին ամենից շատ լուսաբանված հնավայրերից է, սակայն այլևս այն ձևով, որով արգելոց-թանգարանը ներկայանում էր զբոսաշրջիկներին և տեղացիներին, հնացած է, փորձ է արվելու ունենալ նոր՝ գայթակղիչ, զբոսաշրջիկի համար հետաքրքիր Էրեբունի, գտնվելու է այն ձևը, որը բոլորին կբերի Էրեբունի: Ի դեպ, Էրեբունին շուտով կնշի իր երեքհազարամյակը:
1968թ. հիմնադրվել է Էրեբունի արգելոց-թանգարանը, որն իր կազմի մեջ ուներ Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը. դրանք զբաղեցնում են 90 հեկտար տարածք: Սա մեր հանրապետության առաջին արգելոց-թանգարանն է: Խորհրդային Միությունը, որ փորձում էր ամեն բնագավառում առաջնային դիրքեր զբաղեցնել, չուներ իր տարածքում եգիպտական բուրգերի նման հնավայրեր: Էրեբունիի, Շենգավիթի և Կարմիր բլուրի գոյության վրա մեծ ուշադրություն դարձրեց խորհրդային կառավարությունը, և սկսվեցին մեծամասշտաբ պեղումներ: Երևանն Էրեբունիով դարձավ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, երբ տոնվեց նրա 2750 ամյակը: Էրեբունի էին այցելում Հայաստան եկած բոլոր կարևորագույն հյուրերը:









































