Հայաստանում տրանսպորտի ոլորտում մի վիճակ է, որը ձեռնտու է տասնհինգ կամ քսան հոգու, ովքեր շահույթ ունեն, մնացած մեկուկես միլիոնը տառապում է: Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` կարևոր խնդիրներ են նաև որակն ու անվտանգությունը, որ որակի շարունակությունն է հենց:
Պողոսյանը, ով տրանսպորտի սակագնի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ է, նշեց, որ երկրորդ նիստին մտածված չի ներկայացել: «Հանձնաժողովում կան մարդիկ, որ ասում են՝ կանգնած ուղևոր չպիտի լինի. սա կենցաղային լեզու է, կանգնած-նստած-պառկած ուղևոր տերմին նորմատիվային լեզվում չկա, սա գիտելիքի պակաս է: Պետք է խոսել մեքենայի, որը հասարակական տրանսպորտ է համարվում, նստատեղերի դասավորվածության համապատասխանությունից գործարանային, անձնագրային տվյալներին, եթե համապատասխանում է, այն կարող է շահագործվել, հակառակ պարագայում՝ ոչ: Ես չեմ գտնում, որ հարյուր դրամի դեպքում նման որակ պիտի լիներ, եթե Աստված մի արասցե, ավելի բարձր լինի գինը, բնականաբար ավելի մեծ պիտի լինեն պահանջները»,- ասաց նա:
Միության նախագահը նաև անդրադարձավ սնունդի հետ կապված խնդիրներին: Նրա խոսքով՝ եթե մեկը գնում է չինական կամ ճապոնական արդուկ, այդ խրոցը պիտի համապատասխանի մեր վարդակին: Սննդի ոլորտում, ըստ Պողոսյանի, հիմնական թերությունը մանրէաբանությունն է, մանրէները վտանգավոր են, պետք է դրանց ռիսկը բացառվի, լինի ստերիլ վիճակ ոչ միայն երշիկում կամ պահածոյում, այլև՝ ամբողջ արտադրամասում, իսկ դրա համար նրա համոզմամբ առանձնապես մեծ գումարներ կամ խելք պետք չէ, պետք է լինել պարտաճանաչ:
«Սնունդի և մի շարք այլ հարցերում մեծ առաջընթաց կա, բայց խնդիրներ ևս կան՝ մակնշումը, օրինակ: Այստեղ պետք է լինել նախանձախնդիր, լիարժեք տպել քո արտադրանքի ցուցանիշները, որ մարդը համոզվի՝ որը գնի, որը՝ ոչ: Նույնիսկ մասնագետների շրջանում երբեմն խարխափում են՝ որն է որակը: Որակը տվյալ արտադրանքի կամ ծառայության իրական՝ փաստացի չափանիշների համապատասխանությունն է հայտարարվածին: Մեր ավանդույթներում միշտ նստած է, որ կաթը կամ կաթնասերը՝ որքան յուղալի, այնքան լավ, այդպես չէ բայց, դրսում արդեն հատուկ գնում են պակաս յուղայնությամբ կաթ»,- ասաց նա:
Պողոսյանի համոզմամբ՝ համատեղ աշխատանք է անհրաժեշտ որակյալ ու անվտանգ սնունդ ունենալու համար, սպառողը պետք է ունենա նվազագույն գիտելիքներ, նա հատուկ ընդգծեց՝ «նվազագույն», որովհետև խորանալու դեպքում սպառողի կյանքը կդառնա դժոխք: Միության նախագահը նաև նշեց, որ սպառողի՝ ավելի բարձր արժանապատվության զգացման խնդիր կա: «Քաղաքացին պետք է իմանա, որ մենք վարձել ենք, վարձատրում ենք, և իրենք մեր առջև հաշվետու են: Հայաստանում լոլիկի երկու սորտ կա՝ հայկական՝ Անահիտ և ներմուծված նոր սորտեր, որոնք պինդ են: Իսկական պոմիդորը երկու օրից փչանում է: Մենք պոմիդոր չենք առնում պատ շարելու համար, առնում ենք ուտելու համար: Որակը ստուգելու համար փորձեք. խփում եք պատին, եթե ընկավ գետնին, այլևս չառնեք, իսկ եթե կպավ-մնաց պատին, դա լավն է»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց՝ ունենալով լավ հայկական սորտեր՝ պոմիդորի, խաղողի, ձմերուկի, ներմուծեցինք սորտեր, որոնց միակ օգուտը տրանսպորտային փոխադրմանը դիմանալն է: Ու թեև ներմուծված պտուղ-բանջարեղենից պետք է խուսափել, այդուհանդերձ այն կյանքի համար վտանգավոր չէ, չի բերի հիվանդության, չի սպանի մեզ:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































