Կանադայի Տորոնտո քաղաքի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որին բռնացրել են թմրանյութեր օգտագործելու մեջ, կարող է դիմել նարկոդիսպանսեր:
Ինչպես կանադական Globe And Mail թերթին հայտարարել է Ֆորդի փաստաբան Դենիս Մորիսը, Տորոնտյի քաղաքապետը ներկայում «քննարկում է» իր հետագա քայլերը, այդ թվում՝ թմրակախվածությունից բուժումը:
Մորիսն ընդգծել է, որ քաղաքապետն իր պլանների մասին պետք է անձամբ պատմի, հայտնում է BBC-ն:
Փաստաբանն իր հայտարարությունն արել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Ֆորդը տեսանյութերից մեկում սպառնում է կատարել «առաջին աստիճանի սպանություն»:
Բջջայինով նկարահանված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Ֆորդը սպառնում կտրել ինչ-որ մեկի կոկորդը, հանել նրա աչքերը:
44-ամյա քաղաքապետը լրագրողներին հայտարարել էր, որ այդ պահին «շատ հարբած է եղել»: «Ցավոք, ես շատ հարբած էի: Ահա թե ինչ կարող եմ ասել Տորոնտոյի քաղաքացիներին, չգիտեմ, ինչ հավելեմ»,- ասել է նա:










































