Գերմանացի և բելգիացի գիտնականների խումբը պարզել է, որ կանանց մոտ հակառակ սեռով տարվելու և սեռական վարքի վրա ազդում է կիսպեպտին հորմոնը, հայտնում է Science Daily-ն։
Կենսաբանները նման եզրակացությունների են եկել մկների ուղեղի նշաձև մարմնի ուսումնասիրությունից հետո, որը պատասխանատու է կրծողների էմոցիոնալ վիճակի և սեքսուալ վարքի համար։ Դրանում հետազոտողները հայտնաբերել են նեյրոններ, որոնք զգայուն են կիսպեպտին հորմոնի նկատմամբ։ Դրանց ակտիվացումից հետո մկները սկսում են բարձր սոցիալական ակտիվություն դրսևորել և ավելի մեծ ուշադրություն դարձնել հակառակ սեռին։
Կենսաբանները նշել են, որ էգ մկների մոտ կիսպեպտինն ակտիվանում է արուների կողմից արձակվող ֆերոմոնների կողմից։
Աշխատանքի համահեղինակ Ուլրիխ Բեմի խոսքով՝ նման դիտարկումն ապագայում կօգնի գիտնականներին ստեղծել դեղամիջոցներ կանանց համար, ովքեր տառապում են սեռական շեղումներով։










































