Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով, ինչպես նաև տեղի է ունեցել 22 զինծառայողների պարգևատրություն:

Բնականաբար, ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, ում խոսքը, որպես կանոն, հարուստ է եղել բարձրագոչ արտահայտություններով: Սա, ի դեպ, բանակային թեմայով Սերժ Սարգսյանի այսօրվա միակ ելույթը չէ, որովհետև ժամեր անց նա նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Առհասարակ` զարմացնում է Հայաստանում պետական մտածողության նշաձողի սարսափելի անկումը, երբ նույնիսկ բովանդակություն ունեցող պետական տարեդարձը արժեզրկում են ոչ համարժեք մատուցման, ոչ ներդաշնակ համադրությունների հետևանքով:
Բանակը Հայաստանի պետական համակարգի, ըստ էության, միակ կայացած ինստիտուտն է և զինված ուժերին, սպաներին, զինվորներին արժևորելու համար բացարձակապես պետք չէր փնտրել արհեստական առիթներ: Որևէ բանական բացատրություն չկա, օրինակ` ի՞նչ կապ ունի բանակի տարեդարձը Սուրբ Սարգիսի խորհրդի, երիտասարդության հետ, ո՞ւմ էր պետք տարբեր տոների, ուրույն խորհուրդ ունեցող միջոցառումների նման անտաղանդ համադրումը, ռազմականի և հոգևորի անտեղի միաձուլումը:

Սիրո բարեխոս սուրբ Սարգսի տոնին խմբով քայլելը, այն էլ՝ ոստիկանական ու զինվորական համազգեստով, կատարյալ ռաբիսություն, անճաշակություն է: Ո՞ւմ հանճարեղ մտքով է անցել մարդկանց ինտելեկտին ու ճաշակին ձեռնոց նետել կամ ինչո՞ւ են որոշել ծաղրել ոստիկաններին ու զինվորներին: Սա իրապես խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանության վերնախավը պրիմիտիվ ընկալումներ ունի պետական ինստիտուտների նշանակության, առաքելության վերաբերյալ: Նման միջոցառումներն ոչ թե արժևորվում են բանակը, այլ արժեզրկում են զինված ուժերին` դրանց պետական, ազգային նշանակությունը տարալուծելով տարատեսակ միջոցառումների համատեքստում: Մյուս կողմից` հատկապես Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում տուրք է տրվում, այսպես կոչված, սովետական կառավարման և արարողակարգի ռեստավրացիային: Նախագահական են հրավիրվում լավագույն մտավորականները, զինվորները, հերթը շուտով կհասնի կթվորուհիներին և բանվորներին:

Այս բոլոր միջոցառումներն ընդամենը ներկայացում են, առիթ, որպեսզի Սերժ Սարգսյանը հանդես գա հերթական «ծրագրային» ելույթով: Ինչքան հաճախակի են դառնում նման «պրոտոկոլային» միջոցառումներն` այնքան ավելի թուլանում է Սերժ Սարգսյանի խոսքի ծրագրային բաղադրիչը, արժեզրկվում է պետական տարեդարձի բովանդակությունը: Այսօրվա իրադարձությունների առանցքում ոչ բանակն էր, ոչ էլ` Սուրբ Սարգսի խորհուրդը: Երկուսն էլ մնացին Սերժ Սարգսյանի PR-ի ստվերում: Ցավալին այն է, որ վոժդիզմը Հայաստանում, ըստ էության, վերացնում է անգամ տոների խորհուրդը` ամեն բան վերածելով ֆարսի և մեկ դերասանի ներկայացման:










































