Հունվարի 27-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Այն երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան և ժամկետային զինծառայողներ` իրենց մայրերի, քույրերի և սիրելիների հետ:
Միջոցառումը Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին.
«Մեծարգո նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, hանուն Վեհափառ Հայրապետի ջերմորեն ողջունում ենք Ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և զինվորների պարգևատրման այս միջոցառմանը:
Հարգարժան ներկաներ և շատ սիրելի զինվորներ, վաղը՝ հունվարի 28-ին, ազգովի նշելու ենք Հայոց բանակի 26-րդ տարեդարձը: Հայոց բանակի ծնունդը հայ ժովորդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է, հաղթանակած և կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություններով: Մեր բանակը կայացավ հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայրենյաց սահմաններն առ այսօր կայուն և անխոցելի են: Տարիներ առաջ հանրապետության նախագահը բանակի կայացման վերաբերյալ հետևյալ բնութագրումն է տվել.«Հայոց կանոնավոր բանակը` մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչը մեր պատմիչն անվանում էր «Ազքանազյան ազգ», իսկ Սուրբ Գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որն իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ»:
Սիրելի հայրենակիցներ, հայրենյաց պաշտպան զինվորի կերպարը մեր ժողովրդի ընտրագույն կերպարն է: Ի ուրախություն մեզ՝ այսօր մեր կողքին են հայրենիքի և հայության արժանապատվությունը սահմանում պահող քաջասիրտ զինվորներից 22-ը: Մեր զավակները հերոսական անցյալի զարմից են, հայոց փառահեղ պատմության ժառանգորդներն են և առավել փառապանծ պատմության նորօրյա կերտողներն են: Մեր երախտիքն ենք բերում ձեզ, սիրելի զինվորներ, ձեր ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և հայրենապաշտության զգացումը մշտանորոգ պահելու համար: Մեր խոնարհումն ու մեծարումն ենք բերում քաջակորով հայ զինվորների մայրերին: Առ Աստված աղոթելով՝ հայցում ենք, որ Տիրոջ քաջ վկա, սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգիսն աջակից, զորակից և մարտակից լինի հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող զինվորին: Թող բարեգութ Տերը խաղաղ և անխախտ պահի մեր հայրենյաց սահմանները վասն Հայոց անկախ պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի: Ամեն:»:









































