Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքներն ուսումնասիրող պաղեստինյան հանձնաժողովը Իսրայելին մեղադրել է նրա ենթադրյալ սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է Agence Francce-Presse-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի ղեկավար Թաուֆիք Թիրավիի հայտարարությունը:
«Իսրայելը գլխավոր և միակ կասկածյալն է Յասիր Արաֆաթի սպանության մեջ»,- ասել է նա:
Պաղեստինյան հանձնաժողովը խոստացել է շարունակել մահվան հանգամանքների հետաքննությունը և պարզել մեղավորներին: Բացի այդ, հանձնաժողովը Ֆրանսիայից (որն ուսումնասիրում է Արաֆաթի մասունքները) խնդրել է որքան հնարավոր է շուտ տրամադրել իր աշխատանքի արդյունքները:
Թիրավին հայտարարել է, որ Արաֆաթի մնացորդների ուսումնասիրության հաշվետվությունները հաստատում են այն տարբերակը, որ պաղեստինցի առաջնորդը մահացել է ոչ բնական մահով: Այնուամենայնիվ, նա չի պնդել, որ Արաֆաթին թունավորել են պոլոնիումով:
Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հաղորդել է, որ որևէ գործողություն չի ձեռնարկել Արաֆաթին թունավորելու համար:








































