ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը ռիսկային չի համարում Հայաստանից ռուս սահմանապահներին դուրս բերելը։
Նրա դիտարկմամբ՝ առաջին հերթին և անմիջապես ռուս սահմանապահները պիտի հեռանան «Զվարթնոց» օդանավակայանից. անհասկանալի է, բացի գաղութի դարպասները պահելուց, ուրիշ ինչո՞վ են զբաղված այնտեղ, այդ ի՞նչ գործառույթներ են իրականացնում, որ չեն կարող իրականացնել հայ սահմանապահները: Հետո պետք է նրանց դուրս բերել հայ-իրանական սահմանից, այնուհետև՝ հայ- թուրքական սահմանից։ Ըստ նրա՝ ռուս սահմանապահների առկայությունը հարևանների աչքերում և առհասարակ նվազեցնում է մեր ինքնիշխանության մակարդակը։
Անդրադառնալով ՀՀ-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու հայտարարությանը ռուսական մամուլի արձագանքին՝ Կարապետ Ռուբինյանը ասաց. «Տիպիկ գաղութատիրոջ մոտեցում է. Հայաստանի՝ իր ինքնիշխանությունը ամրապնդելու ցանկացած ձգտում միանգամից արձագանք է ստանում, որ դա հակառուսական է. ինչո՞ւ, եղբայր, եթե մենք մեր սահմանները ուզում ենք հսկել, եթե չենք հասկանում՝ ինչի համար եք ապօրինաբար էդ պայմանագրի շրջանակներից դուրս տարիներ շարունակ վերահսկում նաև «Զվարթնոց» օդանավակայանի ելումուտը, ի՞նչ հակառուսականություն կա այդտեղ։ Էհ, եկեք մենք գանք ձեզ մոտ «Շերեմետևոյում» հսկենք, եթե եղբայրական հարաբերությունների խորհրդանիշը միմյանց օդանավակայանները հսկելն է»։
Կարապետ Ռուբինյանը ընդգծեց, որ արձագանքը «Վզգլյադ»-ից է եղել, որը համարվում է կրեմլյան ուղեղային կենտրոնի օրգան, որը կրում է Կրեմլի տեսակետները, և ըստ էության դա Կրեմլի պատասխանն է։
Մանրամասները՝ տեսանյութում:










































