Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել՝ օգնելու համար Սիրիայում հակամարտության հետևանքով տուժածներին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Սորոսը գումարը փոխանցել է International Rescue Committee ոչ կառավարական կազմակերպության հիմնադրամին, որը զբաղվում է Սիրիայում հումանիտար հարցերով: Ֆինանսիստի խոսքերով՝ Սիրիայում կան շատ սոված, անօթևան մարդիկ, այդ պատճառով նրանց պետք է օգնել:
«Իրավիճակը բարդացնում է այն, որ կառավարությունը և ապստամբները հումանիտար օգնությունն օգտագործում են որպես պատերազմի գործիք»,- ասել է Սորոսը՝ մեկնաբանելով, որ հակամարտող կողմերը միջամտում են հումանիտար օգնության մատակարարումներին, որպեսզի բարելավեն իրենց դիրքերը Ժնևում նախատեսված բանակցությունների համար, որը նախաձեռնել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
83 տարեկան Սորոսը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ ֆինանսիստ, այլ նաև որպես մարդասեր: Ներկայում նա ոչ առևտրային նախագծերի վրա տարեկան ծախսում է շուրջ 300 միլիոն դոլար: Միլիարդատերը բարեգործական հիմնադրամներ է ստեղծել ավելի քան 25 երկրներում:










































