ԵԽԽՎ ամբիոնից ելույթում Սերժ Սարգսյանը մի կողմից՝ ափսոսանք ու ցավ էր հայտնում, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում դեռևս չի տվել անհրաժեշտ արդյունքը, մյուս կողմից՝ հավաստիացնում էր պայքարը շարունակելու և նոր քայլերի մասին, որոնք, օրինակ, 500 պաշտոնյաների ստիպելու են հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները:
Ասել, որ Հայաստանի իշխանությունը չի պայքարում կոռուպցիայի դեմ, կլինի սխալ ու անարդարացի: Իհարկե, պայքարում է: Պարզապես իշխանությունն ու հանրությունը, այդ թվում՝ միջազգային, կոռուպցիա ասելով նկատի ունեն տարբեր բաներ կամ պայքարում են տարբեր կոռուպցիաների դեմ: Կամ, ավելի շուտ, պայքարի նպատակներն ու մոտիվներն են տարբեր:
Բանն այն է, որ հանրությունը կոռուպցիայի դեմ պայքար է ցանկանում, ակնկալում, պահանջում, որպեսզի բարձրանա պետական էֆեկտիվությունը, պետությունը դառնա ավելի կենսունակ, հարուստ, ավելի մեծ հնարավորությունների տեր, հանրությունն էլ ստանա ստեղծագործական ներուժի իրացման հավասար ու մրցակցային, արդար պայմաններ: Այլ է իշխանության մոտիվացիան: Կոռուպցիան խանգարում է նաև իշխանությանը, որքան էլ տարօրինակ թվա, և որքան էլ ակնհայտ իրողություն է, որ կոռուպցիան հենց իշխող համակարգի ցեմենտն է: Բայց բանն էլ հենց այն է, որ այն սկսել է ոչ թե ամրացնել, այլ թուլացնել համակարգը: Իսկ պատճառն այն է, որ նվազել են ռեսուրսները, ֆինանսատնտեսական հոսքերը:
Ի՞նչ է կոռուպցիան՝ իհարկե այդ հոսքերի կառավարում, յուրացում: Ըստ այդմ, որքան շատ է կոռուպցիոն համակարգը տարածված, այնքան ավելի մեծ ռեսուրս է պահանջվում այդ համակարգը, այսպես ասած, սնելու և պահելու համար, այնքան շատ ռեսուրս է այն խժռում: Իսկ ռեսուրսները նվազել են կտրուկ, հետևաբար կոռուպցիան համակարգում առաջացրել է արդեն ինքնախժռման մի յուրօրինակ վիճակ: Ըստ այդմ՝ կա՛մ պետք է ավելացնել ֆինանսատնտեսական հոսքերը, ռեսուրսները, կա՛մ նվազեցնել կոռուպցիայի շրջանակը՝ ինքնախժռումը կասեցնելու համար:
Իշխանությունը ներկայումս անում է երկուսը միասին. մի կողմից՝ ջանք գործադրում հոսքերն ավելացնելու համար, մյուս կողմից՝ կոռուպցիան նվազեցնելու, որովհետև այդուհանդերձ արտաքին կոնյունկտուրան այնպիսին է, որ չկա մեծ հոսքերի իրատեսական հեռանկար:
Ըստ այդմ, իշխանության պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ կոռուպցիայի օպտիմալացման, էֆեկտիվության բարձրացման համար, որպեսզի կասեցվի իշխող համակարգի ինքնախժռումը: Դա նշանակում է իհարկե, որ մի շարք սեգմենտներ, իհարկե՝ առավելագույնը միջին շերտերից, կզրկվեն կոռուպցիայի արտոնությունից: Դա մի կողմից՝ հղի է իշխանության հանդեպ դժգոհությամբ, մյուս կողմից, սակայն, այդ դժգոհությունը խնդիր է կենտրոնաձիգ կառավարման մոդելի պարագայում, իսկ բազմակենտրոն մոդելի դեպքում, որ ձևավորվում է ապրիլից, միջին շերտերի այդ դժգոհությունը լիովին դիմակայելի է, հատկապես ազգ-բանակ հայեցակարգի պայմաններում:










































