Եթե Սերժ Սարգսյանը որոշի հրաժարական տալ, դրանից առաջ պետք է որոշ նշանակումներ անի, որպեսզի 1998 թվականի պատմությունը չկրկնվի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին:
«Այսօր իշխանություն ասելով հասկանում ենք նախագահ և ԱԺ: Խորհրդարանի հրաժարականի նախադեպ չունենք, իսկ նախագահի հրաժարականի նախադեպ ունենք:
Վերադառնանք այդ ժամանակաշրջան. երբ իշխանական ուժը հրաժարական է տալիս և հրաժարական է տալիս Սահմանադրությամբ նախատեսված կարգով, պետք է դրանից առաջ նշանակումներ անի:
Այսօր եթե նախագահը հրաժարական է տալիս, նրա փոխարեն նախագահ է դառնում ԱԺ նախագահը կամ վարչապետը: Այն ժամանակ, ըստ էության, նախագահի հրաժարականը ոչինչ չփոխեց, պարզապես մենք ունեցանք ընտրություններ, որ չբողոքարկեցինք. միայն դա»,- ասաց Հայրիկյանը` ընդգծելով, որ Սարգսյանը հրաժարականից առաջ գոնե բանիմաց վարչապետ պետք է նշանակի:
Նա անդրադարձավ նաև 1991 թվականի ընտրություններին և շեշտեց, որ դրանք արդար ընտրություններ չեն եղել, ինչպես փաստում են շատերը. «Ասում են՝ արդար է եղել, բայց 91 թվականի ընտրությունները ճանաչվել են հակասահմանադրական. դրա մասին քչերը գիտեն»:
Այն հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ նախագահի հրաժարականը, Հայրիկյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Պատկերացրեք՝ Ձեզ հրավիրում են հարսանիքի. մտերիմ բարեկամները, միևնույն ժամանակ հարևանն ասում է՝ ես էլ եմ հարսանիք անում, ճիշտ կլինի՝ գաս մեր հարսանիքին, թե չէ՝ վատ կլինի, ձվերդ կվնասեմ և այլն: Դու էլ ասում ես՝ լավ, դե, մի հարսանիքին չեմ գնում, գալիս եմ քո հարսանիքին: Հետո մեկ օր առաջ ասում են՝ լավ կլինի՝ չգաս, մեր բարեկամները դեմ են: Դու, փաստորեն, ոչ մի հարսանիքի չես գնում: Հայերեն ասած՝ մեզ փչացնում են, դրա համար այս օրերին պետք է ինչ-որ բան անենք… Եթե նախագահը որոշի հրաժարական տալ, պետք է նախապես նշանակումներ անի, որպեսզի 98 թվականի օրը չընկնենք, որպեսզի այսօրվա սխալներն արագ ուղղվեն»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































