«Նոր տարվա օրերին քաղաքապետարանից մեզ կանչեցին, բնակարան չունեցողների ցուցակ ուզեցին, բայց հենց տոն օրերը անցավ, գրեցին մեզ, որ մեր դիմումը մերժված է։ Երևի չէին ուզում, որ իրենց տոն օրերը փչացնեինք»,-այսօր կառավարության դիմաց ակցիայի ժամանակ բողոքում էին Հյուսիսային պողոտայից տեղահանված բնակիչները։ Նրանց խոսքով քաղաքապետարանից պատասխանել են, որ բյուջեում փող չունեն, որ համապատասխան փոխհատուցում կատարեն։
«Բայց էսպես ինչքան կարող է շարունակվել։ Թող ի վերջո պատասխանատվության կանչեն Երվանդ Զախարյանին, Ռոբերտ Քոչարյանին, մեզ փողոցում թողած բոլոր պատասխանատուներին։ Ինչու մենք պետք է թողնեինք մեր բնակարանները քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, գնայինք, որ մեզ հիմա էս օրը գցեին։ Հիմա բոլորը Հյուսիսային պողոտայից են խոսում։ Բա մենք հենց այդ Հյուսիսային պողոտայում էինք բնակվում, մեր սեփական տներում։ Իսկ հիմա ընկել ենք փողոցները մեր բնակարաններն ենք հետ ուզում»։










































