Ադրբեջանում և Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո հակամարտող կողմերի միջև վստահություն կառուցելու ժամանակն է: «Առաջին լրատվական»-ի hետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ տարածաշրջանային զարգացման հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան, ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Եվգենի Կիրիլովը՝ գնահատելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս բանակցային փուլը:
Նա նշեց, որ վերջին երկու տարիներն ուղեկցվել են հռետորաբանությամբ, որի թիրախում տարածաշրջանում անցկացված ընտրություններն էին: Այնուամենայնիվ, ըստ եվրոպացի պատգամավորի՝ ներկայումս կա հնարավորության նոր պատուհան՝ տարածաշրջանային գործընթացներում ապահովելու ավելի մեծ ներգրավվածություն և բարելավելու այդ մթնոլորտը, մասնավորապես՝ երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո: Կիրիլովի համոզմամբ՝ այսօր վստահություն կառուցելու ժամանակն է, բայց զուգահեռաբար անհատական շփումները զարգացնելու՝ խթանելով քաղաքացիական հասարակության ուղիղ մասնակցությանը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Բուլղարացի եվրախորհրդարանականը տեղեկացրեց, որ ԵԽ-ում քննարկվում են նաև տարածաշրջանային կայունությանն ու Հարավային Կովկասում հակամարտություններին առնչվող շատ հարցեր:
«Ես և իմ գործընկերները կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ լինի, որովհետև դա վերաբերում է մեր ուղիղ հարևանությանն ու դրա ապագա զարգացմանը»,- նշեց Եվգենի Կիրիլովը:
Առաջարկում ենք Եվգենի Կիրիլովի հետ «Առաջին լրատվական»-ի ընդարձակ հարցազրույցին ծանոթանալ ավելի ուշ:











































