Թունիսի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները որոշում են կայացրել բոյկոտել Ազգային հիմնադիր խորհրդի (ժամանակավոր խորհրդարան) նիստը՝ ի նշան բողոքի խորհրդի ներքին կանոնադրությունում ուղղումներ սահմանելու դեմ՝ հաղորդում է Sky News Arabia-ն:
Ընդդիմությունը պատրաստ է խորհրդարանում աշխատանքը վերսկսել միայն ուղղումները չեղյալ հայտարարելուց հետո:
Անցած երկուշաբթի երկրում իշխող «Ալ-Նահդա» կուսակցության պատգամավորները և նրանց դաշնակիցները ձայների մեծամասնությամբ ընդունել են համապատասխան փոփոխություններ Խորհրդի ներքին կանոնադրության մեջ, որը թույլ է տալիս նիստեր անցկացնել, օրենքներ և ցանկացած որոշում կայացնել ներկա գտնվողների ձայների մեծամասնությամբ:
Ներքին կանոնադրության մեջ փոփոխությունների կողմնակիցներն ընդգծում են, որ տվյալ միջոցառումն ընդունվել է, որպեսզի որքան հնարավոր է շուտ համաձայնեցվի Սահմանադրության և ընտրությունների մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիրներն իրենց հերթին «Ալ-Նահդա»-ի գործողությունները անվանում են խորհրդարանական հեղաշրջում:











































