Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Եղիազարյանի գործի դատավարությունը:
Սամվել Եղիազարյանը 2008 թվականին փաստացի ամուսնական հարաբերություններ է սկսել Աշտարակ քաղաքի բնակչուհի Հ.-ի հետ:
Ըստ մեղադրանքի՝ Սամվելը չարաշահել է ալկոհոլային խմիչքները, աշխատանք չի ունեցել, և այդ հողի վրա 2012 թվականից ամուսինների հարաբերությունները լարվել են:
Կինը երկու մանկահասակ երեխաների հետ ամուսնու հայրական տնից հեռացել ու բնակություն է հաստատել իր հայրական տանը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սամվել Եղիազարյանը բազմիցս հանդիպել է կնոջը, պահանջել, որ վերադառնա, շարունակեն համատեղ ապրել: Մերժում ստանալով՝ Սամվելը տվել է սպանության սպառնալիքներ, խոստացել, թե չի թողնելու, որ կինը հանգիստ ապրի երեխաների հետ: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Սամվելի հերթական սպառնալիքներից հետո՝ 2013 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, հուսահատված կինը փորձել է խոհանոցային դանակով վնասել իրեն, ինքնասպան լինել, բայց մայրը վրա է հասել ու կանխել դստեր ինքնասպանությունը:
29-ամյա Սամվել Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ սպառնալիքի ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության փորձի հասցնելու համար:
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սամվել Եղիազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր գործով համաներում կիրառելու համար:
Մեղադրողը չի առարկել:
Տուժողը հայտնել է, թե դեպքի հետ կապված՝ վնասի հատուցման գույքային պահանջներ չունի ամբաստանյալից:
Ընդհանուր իրավասության դատարանը համաներման կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճել է, Սամվել Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցրել: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է:







































