Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մի քանի օր առաջ բյուջետային քննարկումների ժամանակ մի հետաքրքիր ու սենսացիոն հայտարարություն արեց:
Նախ` ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց, թե տարիներ առաջ գործում էր ներդրումները խթանող շահութահարկի արտոնություն: «Ինչ-որ մի պահից հանվեց, ընդ որում` ինձ համար որևէ հիմնավոր բացատրություն, կներեք, չի հնչել: Ինձ հետաքրքիր է, թե այդ դրույթի հանելն արդյոք նպաստե՞ց շահութահարկի ծավալների կտրուկ աճին: Կամ արդյոք խթանե՞ց ներդրումների ծավալների աճին, որը համառորեն գնում է դեպի նվազում: Արդյոք ժամանակը չէ՞ վերականգնել նման գործիքները, որոնք ներդրումները հրապուրիչ են դարձնում»,- հարցրեց Խ. Հարությունյանը:
Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ արտոնությունների հարցը պիտի վերանայվի և հավասար մրցակցային դաշտ ստեղծվի, և որ արտոնությունն ընդհանրապես անհավասար մրցակցություն է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների միջև: «Կարող եմ հնչեցնել բազմաթիվ ոլորտներ, որոնք այսօր բացարձակ հարկային արտոնության տակ են, բայց դա չի նշանակում, որ այդ ոլորտները ծաղկում և զարգանում են: Եվ շահութահարկի այդ արտոնությունը որ հանեցինք, ճիշտն ասած՝ շահութահարկի մուտքերը լավացան: Որովհետև Հայաստանում չկա մի հատ խոշոր բիզնես, որ 15 տարվա մեջ չօգտվեր այդ արտոնությունից: Երկու տարի շահութահարկ չվճարեց, ձևակերպեց օտարերկրյա ներդրումով կազմակերպություն՝ Բուլղարիա կլինի, օֆշորային գոտի կլինի, երրորդ տարուց սկսած 50 տոկոսի չափով վճարեց: Մի կազմակերպություն գրեթե չկար, որ չօգտվեր այդ արտոնությունից: Ես դեմ եմ այդպիսի նոր արտոնություն սահմանելուն»,- հայտարարեց Ա. Ալավերդյանը:
Այսպիսով, ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակիորեն հավաստեց, որ երկար տարիներ Հայաստանի խոշոր բիզնեսը հարկեր չի վճարել՝ օգտվելով Շահութահարկի արտոնության մասին այդ օրենքից: Եվ երբ այդ արտոնությունը հանվել է, մեր երկրում շահութահարկի մուտքերն ավելացել են: Այսինքն` տարիներ շարունակ Հայաստանում օրինական ճանապարհով խրախուսվել է հարկեր թաքցնելն ու դրա արդյունքում օլիգարխների գրպաններում միլիոններ կուտակելը: Այսինքն` Հայաստանի իշխանություններն իրենց ու իրենց հովանավորության տակ գտնվող խոշոր գործարարների համար ապահովել են պետության հաշվին միլիարդներ կուտակելու օրինական ճանապարհները: Եվ ինչպես Ա. Ալավերդյանն է հայտարարում, այդ տարիներին չի եղել մի խոշոր բիզնես, որ չօգտվեր այդ հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Շահութահարկի մասին այդ արտոնությունը սահմանվել է 90-ական թվականների կեսին` իսկապես օտարերկրյա ներդրումները խրախուսելու համար: Օրենքը օտարերկրյա ներդրողին հնարավորություն էր տալիս իր գործունեության առաջին 2 տարիներին ընդհանրապես շահութահարկ չվճարել, իսկ դրանից հետո վճարել 50 տոկոսի չափով: Ընդունման առաջին տարիներին այդ օրենքն իսկապես նպատակ է ունեցել ղարաբաղյան պատերազմից հետո քայքայված Հայաստանի տնտեսության մեջ խրախուսել օտարերկրյա ներդրումները: Ավելին` ընդունված պրակտիկա է, որ երկրները օտարերկրյա ներդրումներն ու ընդհանրապես ներդրումները խրախուսելու նպատակով նրանց համար տարբեր արտոնություններ են սահմանում: Բայց եթե այդ արտոնությունը նպատակին չի ծառայում կամ սկսում է ի վնաս տնտեսության աշխատել, այն վերանայում են:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիներին, սակայն, այդ արտոնությունը վերածվեց հարկերը թաքցնելու հիանալի գործիքի: Իսկ դա այն տարիներն էին, երբ Հայաստանի տնտեսության մեջ սկսեցին ձևավորվել լայն սպառման ապրանքների մենաշնորհները: Երբ եղած քիչ թե շատ արտադրությունն աստիճանաբար վերածվեց ներմուծման, և երբ ներմուծումն էլ քվոտավորվեց իշխանությունների հովանավորությունը վայելող խոշոր գործարարների միջև:
Այդ տարիներին Հայաստանի բոլոր գործարարներն իրենց բիզնեսի գրանցումը տեղափոխեցին օտար երկրներ, այդ թվում և օֆշորային գոտիներ ու Հայաստանում իրենց բիզնեսը դարձրեցին «օտարերկրյա ներդրումներ»: Այս առումով միանշանակ ճիշտ է Ա. Ալավերդյանը, երբ ասում է, թե «Հայաստանում չկա մի հատ խոշոր բիզնես, որ չօգտվեր այդ արտոնությունից»: Գործարարները ոչ միայն իրենց բիզնեսի գրանցումն էին տեղափոխում օտար երկրներ, այլև այն գրանցում էին ինչ-որ օտարերկրացու անունով, որ իրենց «օտարերկրյա ներդրումներն» ավելի հավաստի թվային: Մամուլի հրապարակումների համաձայն` նման մեքենայությունների էր դիմում, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, ում շաքարավազ ներկրող ընկերությունը ժամանակին գրանցված էր ինչ-որ աֆրիկացու անունով: Այդպես ՀՀ բոլոր օլիգարխները երկար տարիներ օրինական ճանապարհով հարկերը թաքցնելու միջոցով միլիարդներ կուտակեցին, և լուրջ հաշվարկներ են անհրաժեշտ, թե միայն այդ արտոնության միջոցով որքան հսկայական հարկեր գրպանվեցին:
Այդ տարիներին Հայաստանում, ըստ էության, օտարերկրյա ներդրումներ չեն եղել կամ էլ շատ քիչ են եղել: Եվ չի բացառվում, որ վերջին տարիներին օտարերկրյա ներդրումների կրճատումը կապ ունի այդ արտոնության վերացման հետ` այն առումով, որ այդ փոփոխությունից այլևս շահ չունեցող հայրենի օլիգարխներն իրենց բիզնեսի գրանցումը տեղափոխել են Հայաստան և դարձրել տեղական ներդրում:
Փաստորեն, Ա. Ալավերդյանի սենսացիոն հայտարարությունն ինչ-որ տեղ հայտարարություն է այն մասին, որ տարիներ շարունակ իշխանությունների հովանու ներքո օրինական ճանապարհով թալան է տեղի ունեցել: Պարզապես իշխանություններն այդ մասին խոսում են ոչ թե այն ժամանակ, երբ այդ արտոնությունը գործում էր, այլ այժմ, երբ այն չկա: Այս դեպքում հետաքրքիր է նաև հասկանալ, թե ինչու է նման արտոնության հարց բարձրացնում Խոսրով Հարությունյանը: Արդյոք նա չէ՞ր հասկանում, որ նման արտոնությունները տնտեսության մեջ ոչ միայն անհավասար պայմաններ են ստեղծում, այլև թալանի հսկայական հնարավորություն են ստեղծում: Թե՞ նա այդ հարցը բարձրացնելով իրեն հովանավորող օլիգարխների համար նման պայմաններ ստեղծելու լոբբինգ էր իրականացնում:










































