Ամերիկյան Ռիվերվյու քաղաքի (Ֆլորիդա) ոստիկանությունը ձերբակալել է 9-ամյա դպրոցականի՝ պարապմունքներին լիցքավորված ատրճանակ տանելու փորձի համար: Այս մասին հայտնում է Miami Herald-ը:
«Երեխաներին տեղափոխող ավտոբուսի կին վարորդը լսել է երկու աշակերտների զրույցը, որի ընթացքում նրանցից մեկն ասել է, որ հետը զենք է վերցրել»,- ասել է դպրոցի ներկայացուցիչը:
Նա նաև տեսել է, թե ինչպես է տղաներից մեկն ատրճանակը տեղափոխել՝ դնելով տաբատի առջևի գրպանը: Վարորդը կապվել է ոստիկանության հետ:
Դպրոցի մոտ նրանց դիմավորել են ոստիկանները: Դպրոցականին խուզարկել են և հայտնաբերել 22-անոց տրամաչափով լիցքավորված ատրճանակ: Տղային ձերբակալել են:
Նրա ծնողները հայտնել են, որ որդին զենքը վերցրել է տանից՝ առանց իրենց տեղեկացնելու:









































