Երեկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գլխավորած հեղափոխությունը՝ գնալ նախագահականը, ոստիկանության, դատախազության շենքերը, Սահմանադրական դատարանը գրավելու՝ շարունակվեց բախումներով և պայթյուններով: Ի՞նչ տեղի ունեցավ, արդոք դա հավասարակշռությունը կորցրած մարդկանց արա՞րք էր, թե՞ ավելի լուրջ բան: Քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կատարվածն ավելի լուրջ բան էր: Ըստ նրա՝ Շանթն ու իր համախոհները ուզում էին հանրությանը իրենց վարքագծով օրինակ ծառայեին, քանի որ հանրության դժգոհության ալիքը բարձրացել է կրիտիկականի: Նրա խոսքով՝ երեկ տեղի ունեցածը պետք է լրջորեն գնահատել բոլոր տեսակետներից: Սա, ըստ Ա.Ղուկասյանի, իշխանությունների համար շատ պարզ մեսիջ է, և եթե այն բազմապատկված լինի ավելի մեծ քանակով, բնականաբար, իշխանություններին մատուցում է որոշակի պատկեր, ինչի շուրջ իշխանությունները պետք է մտածեն:
Հարցին՝ Երբ Դուք հացադուլի էիք նստել, Շանթ Հարությունյանը միացավ Ձեր գաղափարին, դուք նրա՝ հեղափոխության գաղափարին միացե՞լ էիք, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ սա պլանավորված խռովության ակցիա էր, և մարդիկ, ովքեր պլանավորում էին այն, հասկանում էին, որ գիտակցված գնում են ազատազրկման:
Սա, ըստ նրա, շատ խիստ ձևաչափ է, և նման ձևաչափի շուրջ միավորվելը շատ խիստ որոշում է:
«Ես իմ աջակցությունը հեղափոխության հետ կապված բոլոր անհրաժեշտ ծրագրերի իրականցման հարցում Շանթին նախապես հայտնել էի, բայց իհարկե կոնկրետ խռովության ակցիային ես չէի կարող մասնակցել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ունե՞ք տպավորություն, որ իշխանությունները անգործության են մատնված, և միայն ոստիկանությունն ու ոստիկանապետն են գործողություններ կատարում: Հարցի ի պատասխան՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Ռեժիմն ակնհայտ ճգնաժամ է ապրում, և չկա որևէ տեսակի քաղաքական խնդիր, որ նա կարող է լուծել: Եվ եթե երկրի ներսում կա զանգվածային դժգոհություն, միայն ոստիկանության միջոցով հնարավոր է զսպել այդ մարդկանց զգացմունքը՝ պարբերաբար ցուցադրելով ոստիկանական ուժերի դերը համակարգի ներսում:
Բնականաբար, իրենք սկսում են ավելի ակտիվ և առաջին պլանում երևալ որպես գործող սուբյեկտներ, ինչը վկայում է, որ քաղաքական լուծումներ այս խնդիրներին չկան, միայն կարելի է ուժով և զենքով պահել իրադրությունը»,- ասաց նա:
Արդյոք հնարավո՞ր է սոցիալական բունտի հասունացում: Քաղաքագետի կարծիքով՝ հիմնական ուղղությունն այդպիսին է լինելու, և երեկվա խռովության դրսևորումը կարող է սկիզբ դնել մի շարք ակցիաների, որոնք կարող են փոխկապակցված և կազմակերպված չլինել, այլ ինքնաբուխ դրսևորվեն տարբեր քաղաքներում՝ տարբեր խնդիրների հետ կապված:
«Կարելի է ասել՝ սա ստարտ էր, ավելի խռովարար դրսևորումների համար սկիզբ դնելու ուղղությամբ առաջին քայլն էր: Մենք մինչ օրս քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ ակցիաներ էինք տեսնում, երբ քաղաքացիներն անզեն և խաղաղ, իրենց հասանելի եղանակներով այս կամ այն խնդիրը փորձում էին լուծել, հանրության ուշադրությունը ինչ-որ հարցի վերաբերյալ գրավել: Մենք տեսնում ենք, որ այստեղ բոլորովին այլ գործընթաց է, խռովություն է, մեկ այլ քաղաքական գործիք է, և, իմ կարծիքով, բնականոն է, օբյեկտիվ է, որ այս տեսակ բողոքը, այս տեսակի դրսևորումը իր արտահայտումը գտավ»,- ասաց նա:
Արդյոք երկրում կա՞ն արտահերթ ընտրությունների նախադրյալներ: Այս կապակցությամբ քաղաքագետը նկատեց, որ արտահերթ ընտրություններն անրաժեշտ են, երբ քաղաքական ճգնաժամ է, և իշխող համակարգը փլուզված ու անգործունակ է լինում: Եվ եթե իշխանությունների համար արտահերթ ընտրություններն այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհ են, հանրության համար խնդիրներն ավելի լուրջ են՝ համախմբվել արմատական փոփոխություններ իրականացնելու ծրագրերի շուրջ: Բայց դասական, համակարգային ուժերի համար այս արտահերթ ընտրությունները կարող են քաղաքական ճգնաժամից ելք լինել:










































