Չորեքշաբթի հունական արհմիություններն անցկացնում են համընդհանուր գործադուլ: Աթենքի կենտրոնում տեղի կունենան ցույցեր՝ ի նշան բողոքի բնակարանների նոր հարկի սահմանման, կրճատումների, աշխատավարձերի, թոշակների, նպաստների նվազեցման դեմ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, գործադուլ են հայտարարել պետական և մասնավոր ոլորտների առաջատար արհմիությունները՝ ADEDY և GSEE և կոմունիստական PAME արհմիությունը:
Գործադուլ են հայտարարել նաև ուսուցիչները և դասախոսները, արվարձանային հաղորդակցության գնացքները ևս չեն աշխատի, հնարավոր է՝ ավիաչվերթների ուշացում: Ավիադիսպետչերների միությունը կոչ է արել անցկացնել երեք ժամ տևողությամբ գործադուլ, իսկ քաղավիացիայի ծառայողների միությունը՝ 4 ժամանոց գործադուլ:
Մեկ օրով կընդհատվի լաստանավային հաղորդակցությունը կղզիների հետ, որոնցից շատերի համար լաստանավը տրանսպորտային միակ միջոցն է, փակ կլինեն ուղևորատար և առևտրային նավահանգիստները:
Մետրոն, տրամվայը կաշխատեն սովորական ռեժիմով, սակայն մետրոյի գնացքները չեն երթևեկի Աթենքի միջազգային օդանավակայան: Ավտոբուսները և տրոլեյբուսները կաշխատեն տեղի ժամանակով ժ. 09.00-ից մինչև 21.00-ը:











































