ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունները, որոնք կայացել են նոյեմբերի 5-ին՝ Ժնևում, ավարտվել են անարդյուք: Այս մասին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին՝ փոխանցում է Reuters գործակալությունը: Նրա խոսքով՝ կողմերը չեն կարողացել համաձայնեցնել վաղուց ձգձգվող «Ժնև 2» համաժողովի անցկացման ժամկետը:
«Հույս ունեինք, որ այսօր կկարողանայինք հայտարարել ամսաթիվը: Ցավոք, մեզ մոտ չստացվեց»,- ասել է Բրահիմին մամլո ասուլիսում, որը կայացել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Բոգդանովի ու Գենադի Գատիլովի, ինչպես նաև քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումներից հետո:
Բրահիմին նշել է, որ կողմերը վերջին մի քանի շաբաթներին գիտակցում էին, որ համաժողովի անցկացման ամսաթիվը չէր համաձայնեցվելու, և բանակցությունների արդյունքն անսպասելի չէր:
«Մենք դեռ հույս ունենք, որ կկարողանանք համաժողովն անցկացնել մինչև տարեվերջ»,- ասել է Բրահիմին:
Նրա խոսքով՝ կողմերը նոյեմբերի 25-ին կրկին կհավաքվեն նախապատրաստական հանդիպման՝ այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբավորումները խորհրդակցություններ անցկացնեն համաժողովին սեփական նախապատրաստության շրջանակում: Բրահիմին հույս է հայտնել, որ մինչև նոյեմբերի 25-ը ընդդիմադիր խմբավորումները կկարողանան միմյանց միջև պայմանավորվածություն ձեռք բերել:










































