Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Արամայիս Հարությունյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ 58-ամյա Արամայիս Հարությունյանն իրեն պատկանող «ԲՄՎ-525» մակնիշի մեքենան ծառայեցրել է որպես տաքսի:
Հաճախորդներ գտնելու նպատակով նա մեքենան հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և սպասարկել է նաև համալիր այցելող մարմնավաճառներին:
Ըստ մեղադրանքի՝ տաքսու վարորդն ու մարմնավաճառները հեռախոսահամարներ են փոխանակել ու համագործակցել:
2011-ից մինչև 2013 թվականի փետրվարը, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով, Արամայիսը կազմակերպել է մարմնավաճառներ Վիկտորյայի, Անժելայի, Էլինայի, Էլմիրայի և այլոց հանդիպումներն իր ծանոթ տղամարդկանց հետ՝ յուրաքանչյուր դեպքում հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառից ստանալով 3 հազար դրամ միջնորդավճար:
Արամայիս Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ Հարությունյանի միջնորդությամբ գործը քննել է արագացված ընթացակարգով:
Արամայիս Հարությունյանը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար և վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման:
Պատժի կրման սկիզբը կհաշվվի Հարությունյանին փաստացի արգելանքի տակ առնելու օրից:








































