Գերմանիայում սկսել են վաճառել արտասովոր արտադրանք՝ մսից պատրաստված ըմպելիք։ Այն վաճառակետերում է հայտնվել վերջերս։
Փիթեր Կլասենը, ով հանդիսանում է գերմանական Թեմելս ավանի մսի վաճառակետի սեփականատեր, որոշել է, որ պարզապես հում մթերք վաճառելը հետաքրքիր չէ։ Նա խոհարարի օգնությամբ մշակել է արտասովոր բաղադրատոմս։
Նա կտրատում է միսն ու բանջարեղենը, եփում, այնուհետև բաղադրիչները խյուսի վերածում և ավելացնում այն արգանակում։ Թվում է՝ ստացվեց սովորական ապուր, սակայն կա գաղտնիք, որը գաղափարի հեղինակները չեն բացահայտում։
Մսային ըմպելիքներն առաջարկվում են համային 3 տարբեր լուծումներով։ Մեկ օրում խանութում և կայքի միջոցով վաճառվում է մոտ 3000 շիշ։
«Մենք պայմանագիր ենք ստորագրել գերմանական ոստիկանության հետ. իրավապահները խմում են մեր ըմպելիքները, երբ լիարժեք ճաշի ժամանակ չեն ունենում։ Կարծում եմ՝ նման արտադրանքը կարող է օգտակար լինել նաև բանակի համար, այն հարուստ է պրոտեիններով։ Մեզ դիմում են նաև մարզիկները»,-ասել է Փիթեր Կլասենը։
Հետագայում գաղափարի հեղինակները ցանկանում են համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և մսային ըմպելիքներ մատակարարել աղետի գոտիներ։










































