ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է երկու երկրների ջանքերի կոորդինացման ակտիվացումը՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար։
«Պուտինը խոսել է անօրինական ռազմական կազմավորումների կողմից վերջերս Խոմեյմիմ ռուսական ռազմական ավիացիոն բազայի վրա արված հարձակումների մասին, որոնք իրականացվել են ժամանակակից անօդաչու թռչող ապարատների օգտագործմամբ»,– հաղորդել են Կրեմլի մամլո ծառայությունից։ Այս կապակցությամբ պետք է ակտիվացնել երկու երկրների ռազմական և հատուկ ծառայությունների կոորդինացիան՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ էֆեկտիվ պայքար ծավալելու համար»։

«Ընդգծվել է Աստանայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը, մասնավորապես ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի և դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու վերաբերյալ»,– հաղորդել են մամլո ծառայությունից։












































