«Twitter»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ չի արգելափակի ԱՄՆ նախագահի և այլ քաղաքական գործիչների անձնական էջերը։ Մինչ այդ միկրոբլոգի օգտատերերը դժգոհել էին Դոնալդ Թրամփի՝ իրենց կարծիքով անտեղի մեկնաբանություններից,– հաղորդում է Mashable-ը։
Միկրոբլոգի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն հեռացնի քաղաքական գործիչների գրառումները, եթե նույնիսկ դրանք անտեղի թվան։ «Նույնիսկ վիճելի գրառումների արգելափակումը բացասաբար կանդրադառնա տեղեկատվության տարածման և քաղաքական գործիչների և հասարակության միջև երկխոսության կառուցման վրա»,– ասվում է հայտարարության մեջ։
Այսօր ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները և դիվանագետները հետևում են Թրամփի գրառումներին՝ նրա միկրոբլոգում։










































