Հավաքարարը Etihad ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի զուգարանում երեխայի դի է հայտնաբերել։ Մահացած փոքրիկի մայրը ձերբակալվել է, հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Աբու Դաբիից Ջակարտա թռիչքի պահին։ Իրավապահ մարմինները կասկածել են, որ 37-ամյա կինն ինքնաթիռում գաղտնի ծննդաբերել է, որից հետո նրա մոտ արնահոսություն է սկսվել։ Դա ստիպել է ինքնաթիռի կապիտանին փոխել ուղղությունը, և ինքնաթիռն ուղևորվել է Բանգկոգ։
«Նա անառողջ տեսք ուներ, այդ իսկ պատճառով չի կարող հարցաքննվել, քանի դեռ բժիշկները նրան չեն հետազոտել։ Այժմ նա գտնվում է օդանավակայանի բժշկական ծառայությունում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Նշվում է, որ կասկածյալը որպես տան աղախին աշխատել է Աբու Դաբում 4 տարի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։











































