Ընկերներին, ծանոթներին և նույնիսկ օտար մարդկանց օգնելը նկատելիորեն նվազեցնում է հոգեկան առողջությանը սթրեսի հասցրած վնասները: Դա ցույց է տվել Եյլի համալսարանի գիտնականների կողմից վերջերս կատարված հետազոտությունը: Փորձին մասնակցել են 18-44 տարեկան 77 կամավոր, հայտնում է Business Standard-ը:
Հետազոտությունը տևել է 14 օր: Մասնակիցները պարտավոր են եղել հաղորդելու անցած օրվա ընթացքում տեղի ունեցած ցանկացած սթրեսային իրավիճակների մասին: Ամեն երեկո այդ մասին նրանք ստացել են հեռախոսային ավտոմատ հիշեցում: Կամավորները պատմել են աշխատավայրում, լսարաններում կամ տանը տհաճ խնդիրների, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների, առողջության և անձնական հարաբերությունների մասին: Սթրեսի մակարդակը որոշելու համար նրանք նաև հաշվել են օրվա տհաճությունների թիվը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ինչքան ակտիվորեն են մասնակիցները օգնել այլ մարդկանց, այնքան նրանց մոտ շատ են եղել օրվա դրական էմոցիաները: Այդպիսի օգնությունը ամրացրել է հոգեկան առողջությունը: Սթրեսային օրերում շրջապատին օգնելով, կամավորները շատ քիչ քանակի բացասական էմոցիաներ են զգացել:












































