«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
– Պարոն Ասատրյան, ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին: Կառավարությունն ու վարչապետ Կարեն Կարապետյանն այն համարում են կայունացման տարի:
– Ընդհանրապես լավ չեմ վերաբերվում նման անորոշ, կարգախոսային ձևակերպումներին, առավել ևս, որ նախորդ տարի կառավարությունն ավելի լուրջ խնդիրներ էր տեսնում. գնահատելով տնտեսության ծանր վիճակը՝ նպատակ էր դնում համակարգային բարեփոխումներ իրականացնել, պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, բարեփոխել ներդրումային միջավայրը և ապահովել ներդրումների կտրուկ աճ, հաղթահարել աղքատությունը, բոլոր տնտեսվարողների համար ստեղծել հավասար պայմաններ և ձեռնարկել այլ լուրջ միջոցառումներ: Ավարտին է մոտենում հերթական տարին, և հարկ է ամփոփել՝ առանձնացնելով այն դրականն ու հեռանկարայինը, բացասականը՝ ի դեմս չլուծված ու առաջ եկած խնդիրների: Սա արդիական է բոլոր ժամանակների համար, բայց առավել կարևոր է և հատուկ իմաստ է ստանում, երբ իսպառ բացակայում է քաղաքական պատասխանատվության մեխանիզմը, հասարակությունը զրկված է իշխանությունների գործողությունները գնահատելու հնարավորություններից:
Ինչ վերաբերում է կայունացման տարի գնահատականին՝ այո, մենք այս տարածաշրջանում կայուն ամենաաղքատ երկիրն ենք, մեր երկրի առանցքային բնութագրերից է կայուն բարձր արտագաղթը: Տնտեսական դրական տեղաշարժերի ներքո լուծում չստացան կարևորագույն հարցերը: Քաղաքական համակարգի բարեփոխում կարգախոսի ներքո կազմակերպվեցին խայտառակ, իշխողների` հանրության նկատմամբ կատարյալ ցինիզմով հագեցած, անարժանապատիվ՝ իբր ընտրությունները: Տարեվերջը նշանավորվեց ԵՄ-ի հետ համաձայնագրով, որտեղ որոշ լռությունից հետո բարձրաձայնվում են մարդու իրավունքները, արժանապատվությունը, օրինականությունը, ժողովրդավարությունն ու այլ արժեքներ, որոնք կարող են և պետք է հանդիսանան մեր հասարակության զարգացման կարևոր միջոց ու պայման:
– ԱՎԾ տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվություն: Եվ ընդհանրապես, այս տարի բարձր աճ է գրանցվել: Իսկ Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 6 տոկոս աճ է սպասվում, էկոնոմիկայի փոխնախարարը՝ ավելի քան 7 տոկոս: Այս թվերը Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են, և ինչո՞ւ այդ աճը չի նվազեցրել աղքատությունը:
– Դրական դրսևորումներն ակնհայտ են, չեմ վիճարկելու շատերի կողմից կասկածելի համարվող ցուցանիշները, թողնենք դա ԱՎԾ ներկայացուցիչների խղճին: Ուղղակի սթափ և հստակ պետք է գնահատվեն ներկայացված տեղաշարժերը, դրանց բուն պատճառները: ԱՎԾ-ի նույն հրապարակման համաձայն՝ 7,3 տոկոս տնտեսական ակտիվության հիմքն է առևտրի ու սպասարկման ոլորտների ավելի քան 14% (որը ՀՆԱ-ի շուրջ կեսն է) և արդյունաբերության 12,3% աճը: Հավելենք դրան ներմուծման ծավալների 28% աճը, մասնավոր փոխանցումների մոտ 17% աճը, և պատկերը պարզ կդառնա: Եվ այս ցուցանիշների համադրումը բնութագրում է մեր հիվանդ տնտեսության ամենացավոտ կողմը՝ կախվածությունն արտաքին գործոններից ու առավելապես մասնավոր փոխանցումներից: Բանն այն է, որ այդ փոխանցումների ծավալի աճն անմիջապես, շատ կարճ ժամանակահատվածում հանգեցնում է ներմուծման ծավալների աճին, սա իր հերթին՝ առևտրի ու սպասարկման ոլորտների աճին: Արդյունքում աճում է տնտեսական ակտիվությունը:
Վիճակագրական ցուցանիշների առումով, իհարկե, աճը անվիճելի է, սակայն տնտեսության զարգացման մասին խոսելն անիմաստ է: 2017թ. տնտեսական իրադարձությունների համար դա առաջնային ու որոշիչ էր, բայց առկա էին այլ գործոններ ևս՝ մասնավորապես պղնձի շուրջ 25% և այլ հանքատեսակների միջազգային գների աճը, որը կարևոր տեղ ունի թե՛ արդյունաբերության և թե՛ արտահանման կառուցվածքում: Կարելի է միանշանակ արձանագրել, որ ՀՀ տնտեսության մեջ առկա են դրական տեղաշարժեր, և դրանց համար որոշիչ էր արտաքին գործոնը՝ ի դեմս նախ ՌԴ տնտեսական կայունության ու որոշ աճի, ինչն, իր հերթին, զգալի չափով պայմանավորված էր վերջին մեկ տարում նավթի միջազգային գների մոտ 20% աճով: Իսկ ընդհանրապես, կառաջարկեի հրաժարվել թվացյալ հաջողություններն ամպագոռգոռ հնչեցնելու, աննախադեպ հռչակելու ավանդույթից. աշխարհում շատ են երկրները, որոնք լուծել են իրենց առաջ ծառացած խնդիրները: Կհորդորեի հրաժարվել նաև շքանշաններ բաժանելու արատավոր և խայտառակ պրակտիկայից առնվազն մինչ այն պահը, երբ աղքատության մակարդակը նվազեցվի մինչև միավոր տոկոսների և կանխվի արտագաղթն ու ապահովվի երկրի կայուն զարգացումը:
– «Մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը»: Ինչպե՞ս եք մեկնաբանում Ս. Սարգսյանի այս դիտարկումը:
– Իհարկե, լավ է, որ աճում են արտահանման ցուցանիշները, լավ է, որ այն գերազանցում է 2 մլրդ դոլարը, ակնհայտ է, որ դա դրական ազդեցություն կունենա մակրոտնտեսական կայունության վրա: Սակայն վատ է, որ այն էապես, պատիկ անգամ զիջում է 2008թ. Ս. Սարգսյանի նախընտրական խոստումներին, և վատ է, որ Ս. Սարգսյանը կամ իշխող ուժի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այս երևույթը, դրա պատճառները: Հիշեցնեմ՝ Ս. Սարգսյանը խոստանում էր, որ 2012թ. արտահանումը պետք է կազմի ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը: 3 մլրդ 861 մլն դոլար պետք է կազմեր արտահանումը, ՀՆԱ-ն աճեր մինչև 5 տրլն 570 մլրդ դրամ կամ մոտ 13 մլրդ դոլար: Մի խոստում էլ հիշեցնեմ՝ ուսուցչի աշխատավարձը պետք է լիներ 207.200 դրամ: Վատ է նաև այն, որ այս տարվա արդյունքներով ներմուծման ծավալների աճի տեմպը գերազանցելու է արտահանման ծավալները (11 ամիսների տվյալներով՝ արտահանումն աճել է 23.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 28), մինչդեռ վերջին տասնամյակում մեր տնտեսության գործունեության կարևոր դրական ցուցանիշներից էր արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ: Իսկ ներկայացված այլ ցուցանիշների և մեկնաբանությունների առումով կառաջարկեի կարգի հրավիրել խորհրդատուներին, որոնք հաճոյահունչ մեկնաբանությունների փոխարեն պետք է փորձեն ներկայացնել իրականությունը:
– ԱՎԾ-ն գնաճի բավականին ցածր ցուցանիշ է ցույց տալիս, մինչդեռ խանութներում հատկապես սննդամթերքը թանկացել է: Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞վ է պայմանավորված ԱՎԾ-ի ու իրականության տարբերությունը:
– Կողմնակիցը չեմ ամեն անգամ մեկնաբանելու ԱՎԾ հրապարակումների ճիշտ կամ ոչ ճիշտ լինելը, չեմ էլ մեջբերելու ամերիկացի գրող Մարկ Տվենի հայտնի մեկնաբանությունը վիճակագրության մասին: Հասկանում եմ նաև դժգոհությունները, ի վերջո՝ առանձին ապրանքատեսակների գները, բացի ավանդական սեզոնային միրգ-բանջարեղեն ապրանքախմբից ու ձվից, կաթնամթերք, պանիր, յուղեր ու ճարպեր, մսամթերք ապրանքախմբերի գները կտրուկ աճել են, մինչդեռ ԱՎԾ վերջին հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերք ու ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբի գների աճը կազմել է 5 տոկոս: Դա նույնպես շատ բարձր ցուցանիշ է և լուրջ ազդեցություն է թողել ընտանիքների բյուջեների վրա: Իսկ զայրացնողը, ինչը նշված երևույթի նկատմամբ հասարակության հավելյալ ուշադրության առիթ ու պատճառ հանդիսացավ, իշխանությունների ոչ համարժեք արձագանքն է և որոշ վայ գործիչների կեցվածքը:
– Հայտնի է, որ 2018թ. նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու արդյունքում մի քանի կարևոր ապրանքների ակցիզային հարկը բարձրանալու է, ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքով մոտ 850 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերն են բարձրանալու: Սա բերելու է գնաճի, որի արդյունքում 2018թ. 29,4 տոկոսի՞ց էլ կբարձրանա աղքատության մակարդակը՝ հատկապես, որ աշխատավարձի ու թոշակի բարձրացում չի նախատեսվում:
– Գների վերջին բարձրացումները և սպասվող գնաճն այն պարագայում, երբ իշխանությունները չեն նախատեսում կենսաթոշակների և բյուջետային համակարգի ներկայացուցիչների զգալի հատվածի վարձատրության չափերի աճ, կհանգեցնեն աղքատության մակարդակի աճին 2-3 տոկոսային կետով, եթե իշխանությունների կողմից չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր ու հասցեագրված սոցիալական քաղաքականության միջոցներ:
– Ամեն դեպքում, Ձեր կանխատեսմամբ, 2018թ. ինչպիսի՞ տարի է լինելու:
– Տարին լինելու է բարդ: Իշխանությունները դեռ 2018թ. բյուջեն հաստատելիս պետք է հանդես գային այդ հայտարարությամբ, առաջարկեին, որ հանրությունը ձգի գոտիները: Խնդիրն այն է, որ նախորդ տարվա արտաքին դրական ազդեցությունը նույն ծավալով չի դրսևորվելու, պետք չէ ակնկալել մասնավոր փոխանցումների նման աճ, պղնձի և ոսկու միջազգային գները ավելի հավանական է, որ չաճեն, իսկ ներքին շուկայում տեղի ունեցող իրադարձությունները, սպասվող գնաճային դրսևորումներն ազդեն վերամշակող արդյունաբերության արտահանման վրա: Այսինքն՝ աճի, զարգացման կարևոր նախապայմանը մնում են համակարգային բարեփոխումները: Եվ հարցը հետևյալն է՝ արդյոք իշխանությունները կունենա՞ն կամք և կարողություն նախաձեռնելու դրանք, առավել ևս, որ այդ բարեփոխումների հիմքը քաղաքական դաշտում է: Ինքնին համակարգային բարեփոխումներն էլ զարգացման երաշխիք չեն, բայց առանց դրանց անհնար կլինի քիչ թե շատ խելամիտ, արդյունավետ տնտեսական քաղաքականության մշակումը: Միակ հույսս այն է, որ նահանջելու, ետ գնալու տեղ այլևս չկա, Հայաստանը սպառում է վերարտադրության իր բոլոր ռեսուրսները:
– Իսկ այդ քաղաքականությունը նպաստելո՞ւ է Ս. Սարգսյանի ասած դեմոգրաֆիկ աճին՝ 4 մլն բնակչություն ունենալու հեռանկարին:
– Քաղաքականություն դեռ չկա, առայժմ միայն առանձին միջոցառումներ են, նեղ, ոչ տևական խնդիրներ լուծող ծրագրեր և չհիմնավորված հայտարարություններ, որոնց դասին կարելի է վերագրել նաև Ս. Սարգսյանի այդ և մի շարք այլ հայտարարությունները: Ի վերջո, կարելի է նաև հարցով անդրադառնալ այդ հարցադրմանը՝ իսկ կառավարության հայտարարած կայունացման տարին ի՞նչ չափով նպաստեց Ս. Սարգսյանի այդ նպատակային ցուցանիշին հասնելուն, ժողովրդագրական իրավիճակի շտկմանը: Ո՞ւր են ներդրումները, որո՞նք են կայացրած վճիռները, որ պետք է հանգեցնեն գալիք տարի այս տարվա սպասվող 40-50 հազար ՀՀ քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնելու, ծնելիության մակարդակի տարվա արդյունքում արձագանքվելիք մոտ 7 տոկոս անկման և մահացության մակարդակի աճի կանխմանը: Նշված նպատակի կամ դրա հատվածների մասին խոսք անգամ չկա նաև 2018թ. արդեն իսկ հաստատված բյուջեում և 2018-2020թթ. միջնաժամկետ զարգացման ծրագրում: Կրկնում եմ՝ վիճակը բավականին բարդ է, այն աստիճան ծանր, որ անհապաղ վճիռներ են անհրաժեշտ: Պետք է կազմալուծվի այս արատավոր քաղաքական համակարգը, լուծարվի հանցավոր եղանակով ձևավորված անիմաստ օրենսդիր մարմինը, անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք կապահովեն որակական տեղաշարժեր ու իրավիճակի բարելավում:











































